Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի


14:44 , 23 մայիս, 2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին։

Համաձայնագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով, 180 օրվա ընթացքում:

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների եւ զբոսաշրջության խթանման միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ։

Համաձայնագիրը կստորագրվի Չինաստանի արտգործնախարարի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված այցի շրջանակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս քայլը կակտիվացնի երկու երկրների շփումները։