«Հայաստանյան կազմակերպիչները թերի էին թողել մի շարք կազմակերպչական հարցեր». Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը չի չեղարկվել


17:00 , 22 մայիս, 2019

Մայիսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը կասկածի տակ էր: Այսօր ասուլիսի ժամանակ կազմակերպիչները շտապեցին հերքել. համերգը կայանալու է:  

«Համերգը տեղի կունանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Բոլոր հրավիրված արտիստները ներկա են լինելու: «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» պրոդյուսերական ընկերությունները զբաղվել են արտիստներին Հայաստան բերելու առաքելությամբ, որևէ այլ կազմակերպչական հարցի հետ մենք կապ չունենք»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Աննա Կարոլինա» ընկերության հիմնադիր Աննա Կարոլինան:  

Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկույթին ներկա են լինելու Պատրիկ Ֆիրորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սիլմանին և այլք: Համերգը տեղի է ունենալու վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո, Մշակույթի նախարարության աջակցությամբ և Աննա Հակոբյանի հիմնադրամի շնորհիվ:

«Համերգի հայաստանյան կազմակերպիչը՝ ArmCenter ընկերությունը, թերի էր թողել մի շարք կազմակերպչական հարցեր և փորձում էր չեղարկել այն, բայց այս համերգը նվիրված է Շառլ Ազնավուրին, այն ձախողել չէր կարելի, և կառավարության ու մեր միջամտությամբ շատ շուտով լուծում ստացան խնդիրները»,- եզրափակեց Աննան։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի