Ինդոնեզիայի իշխանությունները ժամանակավորապես սահմանափակել են մուտքը սոցցանցեր


13:50 , 22 մայիս, 2019

168.am-ը գրում է.

Ինդոնեզիայի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում լուսանկարների եւ տեսահոլովակների հասանելիությունը Ջակարտայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են համընդհանուր ընտրությունների արդյունքները հայտարարումից հետո: Այդ մասին հայտնել է Jakarta Post. թերթը:

«Ստահոդ նորությունների եւ սադրիչ հաղորդագրությունների տարածում թույլ չտալու համար մենք սոցիալական ցանցերում ժամանակավորապես սահմանափակել ենք որոշակի գործառույթների հասանելիությունը»,-հայտարարել է Ինդոնեզիայի քաղաքականության, իրավունքի եւ անվտանգության հարցերով համակարգող նախարար Վիրանտոն:
Ինչպես ճշտել է հաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռուդիանտարան, սահմանափակումները վերաբերում են սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում լուսանկարների եւ տեսահոլովակների հրապարակմանն ու ներբեռնմանը:

«Մենք բոլորս դանդաղում կնկատենք, երբ փորձենք տեսանյութեր կամ լուսանկարներ հրապարակել ու ներբեռնել»,-պարզաբանել է նա: Նախարարն ընդգծել է, որ այս միջոցը ժամանակավոր է, բայց երբ է այն չեղարկվելու, չի ճշտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: