ՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը


18:50 , 21 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը: Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում կողմերը քննարկել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: