Ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին կասկածյալին, ինչպես նաև տուժածից հափշտակած գումարն ու իրերը


17:20 , 20 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Պետրոսյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանից իր ավտոմեքենայով ուղևոր է տեղափոխել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղ, որտեղ ուղևորը դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել է բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը և մոտ 20 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, գիշերը, ժամը 02։20-ի սահմաններում Քուչակ գյուղում հայտնաբերել և ոստիկանության Ապարանի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Աբեդնակ Բաղդասարյանին։

Ոստիկաններն ու քննիչները նրա մոտ հայտնաբերել են տուժածից հափշտակված բջջային հեռախոսը, գումարի մի մասը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը;

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Ա. Բաղդասարյանը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացուց հափշտակած ձեռքի ժամացույցը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: