Ջասթին Բիբերի տեսահոլովակը վնաս է հասցրել Իսլանդիայի բնությանը


18:20 , 20 մայիս, 2019

Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերի I’ll Show You երգի տեսահոլովակը հանգեցրել է իսլանդական Ֆյադրագլուֆուր կիրճի փակմանը, հաղորդում է Daily Mail-ը:

2015-ին Բիբերի տեսահոլովակի հայտնվելուց հետո նրա երկրպագուներից շատերն ուղևորվել են կիրճ՝ չնայած կառավարական որոշ արգելքներին: Երգչի երկրպագուները կանգ չեն առել ո՛չ սահմանափակող նշանների և ոչ էլ արգելապատնեշների առջև՝ փախչելով ազգային պարկի հսկիչներից: Այս ամենը հանգեցրել է կիրճի փակմանը:

Տեղական իշխանությունները Բիբերին չեն մեղադրում ստեղծված իրավիճակի համար, սակայն կոչ են անում հանրային անձանց մտածել, որ իրենց գործողությունները կարող են շրջակա միջավայրի համար խնդիրներ ստեղծել:

Ակնկալվում է, որ Բիբերի երկրպագուները գեղեցիկ լուսանկարի համար կհրաժարվեն կիրճում հայտնվելու փորձերից, սակայն իսլանդացիները վստահ են, որ մոտ ապագայում զբոսաշրջիկների հոսքը երկիր կրկին կավելանա, քանի որ այստեղ է նկարահանվել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը: