«Հայ-իրանական սահմանի փակում հնարավոր է միայն, եթե Հայաստանը նման որոշում կայացնի»․ փորձագետ


22:45 , 19 մայիս, 2019

168.am-ը գրում է

«Հայ-իրանական սահմանի փակման համար նախադրյալներ չկան»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին` անդրադառնալով հայ-իրանական սահմանի փակման հնարավորությանը։

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը նշել էր, որ շուտով կփակվի Հայաստանի երրորդ սահմանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով հայ-իրանական սահմանը։ Իսկ ամիսներ առաջ այդ հնարավորության մասին էր խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման կոնտեքստում։

Ալի Սալամին ասաց, որ, բնականաբար, սահմանի փակման մասին կարելի է խոսել միայն ուժային գործողությունների դեպքում, այն էլ՝ դրանց բավականին ինտենսիվ փուլում։ Ըստ նրա՝ այո՛, ներկայումս ամերիկաիրանական լարվածությունը նոր փուլ է մտել ԱՄՆ շարունակական ճնշումների, պատժամիջոցների, մեղադրանքների պատճառով, որոնց իրանական կողմը փորձում է պատասխանել իր ձեռքի տակ եղած միջոցներով՝ խզելով անգամ Վեցնյակի հետ պայմանավորվածությունների մի մասը, հանդես գալով՝ ի պատասխան ուժային գործողությունների պատրաստակամության մասին հայտարարություններով։

Նրա արձանագրմամբ, ԱՄՆ-ը շարունակում է ճնշումը՝ մոտեցնելով Աբրահամ Լինքոլն Ավիակիրը` համալրելով ռազմաբազաները, տպավորություն ստեղծելով, թե պատրաստվում է հարվածի ցանկացած առիթի դեպքում։

«Ես չեմ կարծում, թե կլինի ուժային սցենար։ Միացյալ Նահանգների նախագահը շատ լավ է հասկանում, որ ուժային սցենարը կփակի Իրանի հետ բանակցությունների դուռը, այնինչ դա է հենց նրա նպատակը։ Իրանի հետ պատերազմը կունենա կործանարար հետևանքներ և մեր տարածաշրջանի, և ավելի մեծ տարածաշրջանի ու Միացյալ Նահանգների համար։ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, շոշափելով հանրային տրամադրությունները, ԱՄՆ-ը կարող է թուլացնել կամ ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ։ Բայց իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ ներկայիս իրավիճակն առանց ավելի սուր լարումների կպահպանվի առաջիկա շրջանում»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով, ինչ վերաբերում է պատերազմի դեպքում սահմանի փակման հնարավորությանը, ապա նման սցենարի դեպքում սահմանը ենթադրաբար պետք է փակի Հայաստանը, դա լինելու է Հայաստանի որոշումը, և ոչ՝ Իրանի։

«Ներկայումս նման հնարավորություն ես բացարձակ չեմ տեսնում։ Իսկ հայկական կողմի ավելի վաղ արած հայտարարություններն այս առիթով համարում եմ պարզապես հռետորաբանություն՝ գուցե ուղղված նաև ԱՄՆ-ին։ Չնայած հասկանալով Հայաստանի իրավիճակը տարածաշրջանում, երկու փակ սահմանների առկայությունը, Միացյալ Նահանգները, կարծում եմ, երբեք նման հարց չի բարձրացնի Հայաստանի առաջ։

Ըստ իս՝ ՀՀ իշխանությունները ևս հասկանում են և ընդունում հայ-իրանական ներկայիս փոխվստահելի հարաբերությունների կարևորությունը, դրանք պահպանվել են Իրանի և Հայաստանի համար ամենաբարդ փուլերում այն դեպքում, երբ կան կրոնական, լեզվական և այլ տարբերություններ։ Կարծում եմ՝ ցանկացած սցենարի դեպքում հայ-իրանական հարաբերություններն այնուամենայնիվ անձեռնմխելի են լինելու, դա բխում է երկկողմ շահերից»,- ասաց Սալամին։