Ո՞ւմ է սպառնում ծերունական թուլամտությունը


14:14 , 19 մայիս, 2019

Ակադեմիկոս Բեխտերևը, ով իր կյանքը նվիրեց ուղեղի ուսումնասիրությանը, մի անգամ նկատեց, որ մեծագույն երջանկությունը՝ առանց կյանքի ճանապարհներին խելամտությունը կորցնելու մեռնելը, կտրվի սոսկ մարդկության 20%-ին: Մնացածները ծերության շեմին, ավա՜ղ, կվերածվեն չար կամ միամիտ մարազմատիկների ու բեռ կդառնան իրենց սեփական թոռների ու մեծահասակ երեխաների ուսերին: 80%-ը էականորեն ավելին է, քան նրանց թիվը, ում, ըստ անհոգի վիճակագրության՝ վիճակված է հիվանդանալ քաղցկեղով, Պարկինսոնի հիվանդությամբ կամ ծերության տարիներին անշարժանալ փխրուն ոսկորների պատճառով: Հետագայում այդ երջանիկ 20%-ին պատկանելու համար պետք է ջանալ արդեն այժմվանից:

Իրականում տարիների հետ ծուլանալ սկսում են գործնականորեն բոլորը: Պարադոքսն այն է, որ մենք շատ ենք աշխատում երիտասարդ տարիքում, որպեսզի ծերանալիս խնդիրներ չունենանք, բայց հակառակն է ստացվում. որքան շատ ենք մենք հանգստանում ու թուլանում, այնքան շատ վնաս ենք մենք մեզ պատճառում:

Պահանջմունքների մակարդակը հանգում է սովորական բանաձևին՝  համեղ ուտել, շատ քնել: Հանապազօրյա հացի փնտրտուքներն անհետանում են, ինտելեկտուալ աշխատանքը սահմանափակվում է խաչբառեր լուծելով:

Դրա փոխարեն՝ մեծանում է պահանջների մակարդակը կյանքի ու իրենց շրջապատողների նկատմամբ՝ «Ես ժամանակին շատ դժվարություններ եմ տեսել, այժմ քո հերթն է» տիպի ձևակերպումներով:

Ճնշում է անցյալի բեռը, իսկ այն միշտ չէ, որ պարզ է լինում:

Մեծանում են կտրուկությունն ու արժեքային դատողությունների տոկոսը:

Ինչ-որ բան չհասկանալու պատճառով նյարդային վիճակը վերածվում է իրականության մերժման:

Մարդն իր համար աննկատելիորեն հիմարանում է, իսկ երբեմն էլ այնպիսի բաներ է անում, որ մեծացնում է իր ու շրջապատող աշխարհի միջև եղած անդունդը:

Տրամադրվում է թշնամաբար, դառնում մտերիմների կանչի հանդեպ խուլ ու համր:

Կորցնում է ֆիզիկական ու ինտելեկտուալ վիճակը:

Տուժում են հիշողությունն ու մտածելու ունակությունը:
Եվ աստիճանաբար մարդն առանձնանում է, հեռանում իրական աշխարհից՝ ստեղծելով իր, հաճախ՝ դաժան ու թշնամական, հիվանդագին, երևակայական աշխարհը, որից նրա հետ շփվող յուրաքանչյուր ոք ուզում է փախչել հնարավորինս հեռու, ուր աչքը կտրի:

Ամենից շատ թուլամտություն սպառնում է նրանց, ովքեր իրենց կյանքն առանց կարգավորումները փոխելու են ապրել: Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են՝ չափից առավել սկզբունքայնությունը, համառությունը, պահպանողականությունը, ավելի շուտ կբերեն ծերունական թուլամտության, քան ճկունությունը, որոշումներն արագ փոխելու ունակությունը, զգացմունքայնությունը:

Առաջին ծիծեռնակները

Թուլամտությունը երբեք հանկարծահաս չի լինում: Դա խելագարություն չէ և նույնիսկ հոգեկան շեղում չէ, առավել ևս՝ հիվանդություն էլ չէ: Այդ պատճառով էլ նրան ամենասկզբից հետևելն անհավանականորեն դժվար է:
Այն զարգանում է տարիների հետ՝ մարդու նկատմամբ ավելի ու ավելի մեծ իշխանություն ձեռք բերելով: Այն, ինչ այժմ սոսկ նախանշան է, հետագայում կարող է թուլամտության ծիլերի համար պարարտ հող հանդիսանալ:

Ահա մի քանի անուղղակի նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք պետք է միջոցներ ձեռք առնեք վերահաս ծերունական թուլամտության դեմ:

  1. Դուք սկսել եք ցավագին ընդունել քննադատությունը՝ այն դեպքում, երբ ինքներդ չափազանց հաճախ եք քննադատում ուրիշներին:
  2. Դուք չեք ուզում նոր բան սովորել և ավելի շուտ կհամաձայնեք հին բջջային հեռախոսը վերանորոգել, քան թե հեռախոսի նոր մոդելի օգտագործման եղանակին ծանոթանալ:
  3. Դուք հաճախ եք արտաբերում՝ իսկ ահա առաջ… Այսինքն՝ հիշում եք ու կարոտում անցյալը:
  4. Դուք կարող եք հմայված ու ոգևորված ինչ-որ բան պատմել՝ չնայած ձեր զրուցակցի աչքերում եղած ձանձրույթի նշաններին: Կարևոր չէ, որ նա հիմա կքնի, գլխավորը, որ այն, ինչի մասին խոսում եք, ձեզ է հետաքրքիր:
  5. Ձեզ համար դժվար է կենտրոնանալ, երբ դուք սկսում եք կարդալ լուրջ կամ գիտական գրականություն: Վատ եք հասկանում ու հիշում կարդացածը: Կարող եք այսօր գրքի կեսը կարդալ, իսկ վաղն արդեն մոռանալ դրա սկիզբը:
  6. Դուք սկսել եք դատողություններ անել բաների մասին, որոնցից դուք երբեք գաղափար չեք ունեցել, օրինակ, քաղաքականության, տնտեսագիտության, պոեզիայի կամ գեղասահքի մասին: Ընդ որում, ձեզ թվում է, թե դուք այնքան լավ եք տիրապետում նյութին, որ հենց վաղն էլ կարող էիք պետություն ղեկավարել, գրական քննադատ դառնալ կամ սպորտային մրցավար:
  7. Երկու ֆիլմերից՝ հայտնի կինոռեժիսորի աշխատանքի ու հանրահայտ կինոնովելի կամ դեդեկտիվի միջև, դուք երկրորդն եք ընտրում: Ինչո՞ւ ավելորդ անգամ լարվել: Դուք ընդհանրապես չեք հասկանում այն մարդկանց, ովքեր հայտնի դասական ռեժիսորներին հետաքրքիր են համարում:
  8. Դուք վստահ եք, որ ուրիշները պետք է ձեզ հարմարվեն, այլ ոչ՝ հակառակը:
  9. Ձեր կյանքում շատ բան ուղեկցվում է ծեսերով: Օրինակ, ձեր առավոտյան սուրճը դուք պետք է խմեք անպայման ձեր սիրած գավաթով, սուրճ ընդհանրապես չեք խմի, եթե դեռ ձեր կատվին չեք կերակրել կամ առավոտվա թերթը չեք կարդացել: Անգամ մեկ բան չկատարելը վերը նշվածից ձեզ հունից կարող է հանել:
  10. Ժամանակ առ ժամանակ դուք նկատում եք, որ համը հանում եք ձեր արարքներով, ընդ որում, դա առանց չարամտության եք անում, այլ այն պատճառով, որ պարզապես դա եք ճիշտ համարում:

Ուղեղի ափգրեյդ

Նկատեք, որ մինչև խոր ծերություն պայծառ միտք ունեցող մարդիկ, որպես կանոն, գիտության և արվեստի մարդիկ են, այսինքն՝ նրանք, ովքեր, ելնելով իրենց աշխատանքի առանձնահատկությունից, ստիպված են լարել իրենց հիշողությունն ու ամենօրյա մտավոր աշխատանքով զբաղվել: Բացի դրանից, նրանք ժամանակ առ ժամանակ իրենց ձեռքը պետք է ժամանակակից կյանքի զարկերակի վրա պահեն, հետ չմնան նորաձև տենդենցներից ու նույնիսկ ինչ-որ բանում առաջ անցնեն դրանցից: Այդպիսի «արտադրական անհրաժեշտությունն» էլ հենց խելամիտ, երջանիկ երկարակեցության գրավականն է:

  1. Յուրաքանչյուր 2-3 տարին մեկ սկսեք ինչ-որ բան սովորել: Իհարկե, պարտադիր չէ ինստիտուտ ընդունվել ու ստանալ երրորդ, չորրորդ կրթություն, բայց դուք կարող եք որակավորման բարձրացման կուրս անցնել կամ յուրացնել բոլորովին նոր մասնագիտություն:
  2. Ձեզ երիտասարդ մարդկանցով շրջապատեք: Նրանց մոտ դուք միշտ կարող եք տարբեր օգտակար բաներ գտնել, որոնք ձեզ կօգնեն ժամանակակից մնալ:
  3. Եթե դուք վաղուց որևէ նոր բան չեք իմացել, միգուցե դուք պարզապես չեք էլ փնտրել:
  4. Ժամանակ առ ժամանակ ինտելեկտուալ խնդիրներ լուծեք ու անցեք բոլոր հնարավոր առարկայական թեստերը, որոնք լիքն են համացանցում:
  5. Անընդհատ օտար լեզուներ սովորեք: Անգամ, եթե դուք դրանցով չեք խոսելու, ու լեզվին էլ կատարյալ չեք տիրապետում, միևնույն է, կանոնավոր կերպով նոր բառեր հիշելու անհրաժեշտությունը կարող է մարզել հիշողությունը:
  6. Անընդհատ զարգացեք, սովորեք, ճանաչեք, դարակներից հանեք հին դասագրքերը և պարբերաբար վերհիշեք դպրոցական և բուհական ծրագիրը:
  7. Սպորտով զբաղվեք:

Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մինչև ծերություն ու դրանից հետո իսկապես փրկում է թուլամտությունից:

  1. Հաճախ մարզեք հիշողությունը՝ ինքներդ ձեզ ստիպելով վերհիշել բանաստեղծութուններ, որոնք ժամանակին անգիր գիտեիք, պարային շարժումներ, որոնք սովորել եք դեռևս ուսանողական տարիներին, հին ընկերների հեռախոսահամարները ու էլի շատ բաներ, այն ամենը, ինչ կարող եք վերհիշել:
  2. Կոտրեք կարծրատիպերը, սովորություններն ու ծեսերը: Որքան ձեր հաջորդ օրը տարբերվի նախկինից, այնքան քիչ է հավանականությունը, որ ձեզ թուլամտություն կսպառնա:

Աշխատանքի գնացեք տարբեր փողոցներով, հրաժարվեք միևնույն կերակրատեսակները պատվիրելու սովորությունից, զբաղվեք այն ամենով, ինչը նախկինում երբեք չեք արել ու չեք իմացել:

  1. Ավելի շատ ազատություն տվեք ուրիշներին ու ինքներդ էլ ավելի շատ բան արեք: Որքան շատ լինեն հանկարծակի գործողություններ, այնքան շատ արվեստ կլինի: Որքան շատ արվեստ լինի, այնքան երկար դուք կպահպանեք ձեր խելքն ու ինտելեկտը: