Տիգրան Գալստյանն ու Բելառուսի մշակույթի փոխնախարարը քննարկել են համագործակցության հարցեր


01:45 , 18 մայիս, 2019

ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանի և Բելառուսի մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի, ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վիկտորիա Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը հույս հայտնեց, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա մայիսի 16-19-ն անցկացվող Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը հաջող ընթացք կունենա, իսկ մայիսի 17-ին կայանալիք բելառուսական արվեստի վարպետների գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի հայ հանդիսատեսին ու առաջիկա օրերի ընթացքում բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի մշակութային ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին: