«Կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումն է ցանկանում ներկայացնել՝ որպես իրականություն». Լուկիանովը՝ Մամեդյարովի հայտարարության մասին


23:00 , 17 մայիս, 2019

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ծրագրվող ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման անցկացման ժամկետները դեռ չեն հստակեցվում։ Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անմիջական նախաձեռնությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, որից  ժամեր անց ադրբեջանական կողմը գաղտնազերծեց՝ նման հանդիպում հյուրընկալելու առաջարկ է արել նաև Վաշինգտոնը։

Սակայն նախարարական մոսկովյան հանդիպումից մեկ ամիս անց նույնիսկ ոչ հակամարտող կողմերը, և ոչ էլ հյուրընկալող Միացյալ Նահանգները հստակություն չեն մտցնում այս հարցում։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ պետք է մի փոքր էլ համբերել։ «Գիտեք, որ մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի՝ ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»,- ասել է նախարար Մնացականյանը։

Նա հստակեցրել է նաև, որ ակնկալվում է, որ հյուրընկալող կողմը ԱՄՆ-ն է լինելու։ Սակայն Մնացականյանը նաև նշել է, որ  սխալ կլինի որևէ բան ասել, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը սիրուն բան չէ։

Մայիսի 15-ին այս հարցին անդրադարձել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ որևէ տեղեկություն դեռ չի կարող հայտնել նման հանդիպման անցկացման մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը, ամերիկյան կողմի գնահատմամբ, ոգևորիչ է, քանի որ  ականատես են եղել հակամարտող կողմերի ղեկավարների  որոշ դրական շփումներին։

«Նրանց շփումների արդյունքներից մեկը, որին մենք ականատես ենք եղել, այն է, որ շփման գծում էականորեն նվազել է բռնությունը, և մենք կարծում ենք, որ նմանատիպ ազդանշաններն ու զարգացումները շատ ոգևորիչ են»,- ասել է դեսպան Թրեյսին։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը բացատրեց, թե ինչ հանգամանքներով  է պայմանավորված հանդիպման կազմակերպման երկարաձգումը։

Նա նշեց, որ այստեղ կա մեկ խնդիր, որը հանգեցնում է տեխնիկական և բովանդակային բարդությունների։ Լուկիանովի խոսքով՝ ռուսական կողմն այս հակամարտությամբ բարձր մակարդակով զբաղվում է մշտապես։ Ըստ նրա՝ կարիք չկա հիշեցնել, թե որքան հանդիպումներ ու գործընթացներ են նախաձեռնել ռուսաստանցի դիվանագետներն ու ղեկավարները 1994 թվականից սկսած։

«Այսինքն՝ ՌԴ-ն միշտ իր ձեռքը պահում է Ղարաբաղյան զարկերակի վրա, և որքան էլ խիտ արտաքին քաղաքական հիմնախնդիրներ է ունենում, այս հակամարտության գոտում տիրող իրավիճակի ուղղությամբ ուշադրություն պահպանվում է միշտ, որի արդյունքն էլ այն է, որ Ռուսաստանն արձագանքող է, ավելի ճկուն ու դինամիկ է գործում այս հարցում, քանի որ տեղեկացված է հակամարտության բուն խնդիրներին և ներկա վիճակին բարձր մակարդակով։

Ինչ վերաբերում է Նահանգներին, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, որպես Ռուսաստանի հետ քաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկիր, ԱՄՆ-ը ցանկանում է ժամանակ առ ժամանակ նաև հավասարակշռել Ռուսաստանի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում իր ջանքերով, իսկ հավասարակշռման համար հարկավոր են համապատասխան մակարդակ, տեղեկացվածություն և հանդիպման պայմաններ։

Ամերիկյան բարձրաստիճան ջանքերը սովորաբար արտահայտված են եղել պետքարտուղարի մակարդակով այս կամ այն միջազգային կազմակերպության գագաթաժողովի կուլիսներում, կամ առավելագույնը, որը եղավ  Ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայի նախաձեռնությունն էր ԱԳ նախարարների և պետքարտուղարների մակարդակով։

Ներկայիս բանակցային իրավիճակը պահանջում է այդ իրավիճակի ուսումնասիրություն, հումանիտար օրակարգի մեջ ներգրավում, համապատասխան միջնորդական ջանքեր, համապատասխան բարձր մակարդակ Պետքարտուղարության կողմից, որը բավականին բարդ խնդիր է նման ծանրաբեռնվածությամբ երկրի համար, հատկապես, երբ ամերիկյան արտաքին քաղաքականությունը գլոբալացված է, և բարձր մակարդակով զբաղվում են գլոբալ և մոտակա տարածաշրջաններով, ինչպես և՝ մյուս գերտերությունները։

Սա գերտերություններին բնորոշ քաղաքականություն է։ Ուստի կարծում եմ՝ որոշ ժամանակ հարկավոր կլինի տեխնիկական ու բովանդակային հարցերը լուծելու համար։ Այնուամենայնիվ այդ հանդիպումը ոչինչ չի որոշելու, ինչպես և՝ գուցե առաջիկա այլ հանդիպումներ, քանի որ կողմերը զիջումների քաղաքական կամք չունեն»,- ասաց Լուկիանովը։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի օրերս արած պնդմանը, թե բոլորը գիտեն՝ ինչ փաստաթուղթ է սեղանին, ռուս վերլուծաբանն ասաց, որ կարգավորման սկզբունքների վերաբերյալ վերջին անգամ հստակեցումներ արեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ իրենց տարածած հաղորդագրության միջոցով ներկայացնելով Մադրիդյան սկզբունքները, որոնք կարգավորման այս կամ այն փուլում տեղավորվել են որևէ փաստաթղթում փոքր փոփոխություններով։

«Ներկայումս ես կդժվարանամ ասել, թե որն է վերջին փաստաթուղթը, որը կարող է դիտարկվել։ Խոսակցություններ կային, որ դա ռուսական առաջարկ է, սակայն ռուսական կողմը նշեց, որ դա հավաքական բոլոր միջնորդների առաջարկներն են, և դրանում որևէ նորություն չկա, չնայած նաև չմանրամասնվեց։

Պաշտոնական հաղորդագրություններում չի արտացոլվում այդ մասին որևէ տեղեկություն, հայկական կողմը նշում է, որ կողմերը փոխանակվում են դիրքորոշումներով, շարունակում է պահանջել ԼՂ մասնակցություն բանակցություններին, Ադրբեջանն անընդհատ պնդում է, թե նախկին ձևաչափով են շարունակվում բանակցությունները: Այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումն է ցանկանում ներկայացնել՝ որպես իրականություն: Թե իրականում ինչ է կատարվում բանակցություններում, որոնք ըստ էության փակ են, կարելի է միայն ենթադրել։ Եթե կա շփման գծում իրավիճակի փոփոխություն, ուրեմն կողմերը կոնսենսուս չունեն։

շԱվելին, եթե կողմերն այս հարցերում ունենային փոխհամաձայնություն, ապա շեշտ չէր դրվի հումանիտար նախաձեռնությունների վրա, կողմերը չէին շարունակի իրարամերժ հայտարարություններ անել, որոնք վերջին շրջանում է՛լ ավելի են սրվել։ Սա իմ տպավորությունն է գործընթացի մասին: Ես չեմ տեսնում առաջընթաց, բացի շփումների ինտենսիվությունից, որը դրականորեն ծառայել է շփման գծում իրավիճակի հանդարտեցմանը վերջին ամիսներին»,- ասաց նա։