Իշխանափոխությունից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց չկա. քաղաքագետ


22:30 , 17 մայիս, 2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, կարծես, համաձայնության են եկել մոտեցման շուրջ, որ այն միջոցառումների շրջանակներում, որին երկուսն էլ մասնակցում են, չեն խուսափելու շփումներից։

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
Նա նշեց, որ նման ոչ ֆորմալ շփումները ֆորմալ բանակցային գործընթացի մաս չեն, սակայն կարող են դրականորեն ազդել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների համար անհրաժեշտ նպաստավոր մթնոլորտի ձևավորման վրա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 13-ին Բրյուսել կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սահմանային դեպքերի մասին ճաշի սեղանի շուրջ խոսելուն, Մինասյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապես Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում նախատեսված չէր բավականին նորմալ է, որ երբ առաջացել է հնարավորություն, նրանք քննարկել են երկկողմ կարևորություն ունեցող առանձին հարցեր։
«Չնայած սահմաններին լարվածության հարաբերական թուլացմանը, ապրիլի վերջին և մայիսի սկզբին արձանագրվել են որոշ սահմանային միջադեպեր, որոնց հետ կապված կողմերն օգտագործել են նաև օպերատիվ կապը: Ենթադրում եմ՝ Բրյուսելում կայացած կարճ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այդ հարցերին»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, ձևաչափի ընդունելի կամ ոչ ընդունելի լինելու գնահատման գլխավոր չափորոշիչը արդյունավետությունն է․ «Եթե այդ զրույցը կարող է նպաստել սահմանային լարվածության աճի և նոր միջադեպերի կանխմանը, ապա արդարացված է»,-նշեց Մինասյանը։
Քաղաքագետը արձանագրեց, որ դեռևս նախորդ տարի տեղի ունեցած փոփոխություններից հետո՝ կողմերից յուրաքանչյուրը փորձել է բանակցային գործընթացում որոշակիորեն վերադիրքավորվել, կիրառել մարտավարական և բանակցային տարբեր հնարքներ:

«Հայկական կողմի դիրքորոշման մեջ նկատելի են որոշակի շեշտադրումների և ձևակերպումների փոփոխություններ, որոնք դրական եմ գնահատում: Ինչ վերաբերում է առաջընթացի խնդրին, ապա պետք է արձանագրել, որ նման առաջընթաց չկա, և նման ակնկալիքն էլ իրատեսական չէր»,-ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ գործ ունենք բավական բարդ խնդրի հետ, որտեղ շատ հարցերում կողմերն ունեն միմյանց բացառող մոտեցումներ, սակայն պետք է նաև փաստել, որ բանակցային գործընթացին նպաստող միջավայրի ձևավորման մասով կան որոշակի դրական միտումներ (հրադադարի ռեժիմի խախտումների նվազում, հումանիտար նախաձեռնությունների քննարկում և այլն), սակայն լավատեսական կանխատեսումների համար դեռևս բավարար հիմքեր չկան: