NASA-ն 11 ընկերություն է ընտրել Լուսին ուղարկվելիք ապարատների նախատիպերն արտադրելու համար


18:20 , 17 մայիս, 2019

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) ընտրել է 11 ընկերություն, որոնց կվստահեն «Արտեմիս» նոր լուսնային ծրագրի շրջանակներում Լուսնի վրա իջեցման համար տիեզերական ապարատների նախատիպերի մշակումն ու արտադրությունը: Մայիսի 16-ին այդ մասին հայտնել է տիեզերական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ցուցակ են մտել Aerojet Rocketdyne-ը, Blue Origin-ը, Boeing-ը, Dynetics-ը, Lockheed Martin-ը, Masten Space Systems-ը, Northrop Grumman Innovation Systems-ը, OrbitBeyond-ը, Sierra Nevada Corporation-ը, SpaceX-ը և SSL-ը: Դրանք բոլորը հետագա վեց ամսում կզբաղվեն նախատիպի ստեղծման աշխատանքով:

«Մեր խումբն ուրախությամբ է սպասում Լուսին վերադարձին հնարավոր ամենակարճ ժամկետում, և մեր պետական-մասնավոր գործընկերությունը (Լուսնի վրա) մարդկանց իջեցման համակարգերի ուսումնասիրման համար կարևոր քայլ է այդ գործընթացում»,- հայտարարել է NASA-ում Լուսնի հետազոտության ծրագրի տնօրեն Մարշալ Սմիթը: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմն որոշում է ընդունել՝ սկսել դեպի Լուսին ավտոմատ ապարատների և օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների նախապատրաստումը և այդ ծրագիրն օգտագործել որպես կարևոր քայլ հեռավոր տիեզերք, առաջին հերթին՝ դեպի Մարս ճանապարհորդությունների կազմակերպման համար: Ամերիկացի մասնագետները մտադիր են Լուսնի վրա իջեցումն իրականացնել 2024 թվականին, իսկ աստղանավորդներին Մարս ուղարկել մոտավորապես 2030-ական թվականների կեսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: