Կառավարության անդամները յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է գաղափարախոսի դերակատարում ունենա. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել


17:20 , 17 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող հարկային ու մաքսային արտոնությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Մինչ քննարկում սկսելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Չինաստան կատարած իր աշխատանքային այցերին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հաջող է գնահատում այդ այցերը, և առաջիկայում խորհրդակցություններ կանցկացվեն՝ կոնկրետ ուղղություններով կոնկրետ պայմանավորվածությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Այնուհետև քննարկվել են խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, շրջանառու միջոցների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացած, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչև 3 տարի ժամկետով տարաժամկետում ստացած ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ ներմուծման մաքսատուրքից ազատումը գործում է ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ և ներկայացրել ընկերությունների կողմից սահմանված ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա ձևավորված փաստացի տվյալները: Առ այսօր նմանատիպ արտոնություններ է տրվել 106 ընկերության, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է 554 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչ օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ 481 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղերով, հաստատվել է 2018թ. երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ 31 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը գործում է 2009 թվականից: ԱԱՀ արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թ. տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ ՀՀ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր:

30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ