ԵՊՀ-ի 100-ամյակը նշվում է առանց «պետության». սա խայտառակություն է


18:33 , 16 մայիս, 2019

Այսօր Գյումրիից մեկնարկեց Երևանի պետական համալսարանի 100-ամյակի տոնակատարությունների սկիզբը։ Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Գյումրիի ներկայիս «Տեխնոպարկի» շենքում է հիմնադրվել Հայաստանի մայր բուհը, և պատահական չէ, որ ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը սկսվեց Շիրակի մարզկենտրոնից։ 

Ներկաների աչքից չվրիպեց մի տարօրինակ փաստ. միջոցառմանը բացակայում էին կառավարության և ԿԳՆ-ի ներկայացուցիչները։ Սա տարրական խայտառակություն է, անընդունելի մի երևույթ և ևս մեկ ապացույց, որ ներկայիս իշխանությունները չունեն պետական մտածելակերպ։ Զարմանալի է, ինչպե՞ս կարելի էր արհամարհել Հայաստանի ամենակարևոր գիտակրթական կենտրոնի 100-ամյա հոբելյարը միայն այն պատճառով, որ ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, և ԿԳ նախարարը նրան չի ընդունում։ Պարոն Փաշինյանը և նրա քայլող թիմակիցները պետք է վերջապես հասկանան, որ ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանի սեփականությունը չէ, որ չեն բարեհաճում մասնակցել ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների բացմանը։ Արամ Սիմոնյանն ինչպես եկել է, այնպես էլ կգնա, ինչպես պարոն Փաշինյանը և նրա պետական մտածողությունից զուրկ թիմակիցները, բայց ԵՊՀ-ն կմնա։ 

Հայաստանի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տարրական «աբիժնիկ» են Արամ Սիմոնյանից, որ չկարողացան գահընկեց անել վերջինիս և, իրենց խոստմանը համաձայն, ԵՊՀ-ի 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի ծրագիրը կյանքի կոչել և անձնական ու սեփական քաղաքական թիմի շահերը վեր են դասում պետական շահերից։ Սա խայտառակություն է և անընդունելի վարքագիծ։ Հայաստանի Հանրապետությունը ՔՊ-ների անձնական կալվածքը չէ, որ ինչպես ուզենան, այնպես էլ վերաբերվեն համապետական միջոցառումներին, որոնց մեջ է մտնում ԵՊՀ-ի 100-ամյակի պատշաճ մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը։ 

Հ.Գ. Սեփական քաղաքական ուժի իշխանության գալը համապետական տոնի վերածելու և դրա վրա 124 միլիոն դրամ ծախսելը շատ կարևոր էր Փաշինյանի և նրա թիմակիցների համար, իսկ ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումների սկիզբն արհամարհելը, երևում է, շատ նորմալ երևույթ է գործող իշխանությունների համար։