Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է


16:00 , 16 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Հիգեռ Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները մոտեցան գումարտակի հրամանատարի տեղակալ Հ. Մաթևոսյանին և խնդրեցին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը նշված վայրում տեղադրի արհեստական անհարթություն, քանի որ նման դեպքեր ճանապարհի այս հատվածում հաճախակի են լինում, իսկ գիշերային ժամերին էլ որոշ վայ վարորդներ նշված վայրը վերածում են ավտոռալիի. այնպիսի դժոխային արագությամբ են վարում մեքենաները, որ ասելու չի։ Ու ասում էին, որ վստահ են՝ արհեստական անհարթություն տեղադրելուց հետո նշված փողոցում մասամբ կվերանա որոշ վայ վարորդների՝ նման ձևի ավտոմեքենա վարելու սովորույթը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: