Հարված ժողովուրդների սրտին. ինչպես են ավիրվում պատմական արժեքավոր հուշարձանները


21:00 , 16 մայիս, 2019

Պատահական հրդեհի հետևանքով

Փարիզի Աստվածամոր տաճարը միակը և, ամենայն հավանականւթյամբ, վերջին պատմական հուշարձանը չէր, որն այրվեց չարամիտ նպատակ չհետապնդող հրդեհի հետևանքով։ Ֆրանսիայի պատմության մեջ միայն վերջին կես դարում հին տաճարների հետ նման երկու դեպք է պատահել. 1972-ին Սուրբ Պետրոսի և Պավելի տաճարի տանիքն այրվեց, իսկ ինտերիերը փչացավ, իսկ 2015-ին Սուրբ Դոնաթիայում հրդեհ բռնկվեց։ Սակայն երկու դեպքում էլ վնասի ու կորստի մասշտաբներն ավելի համեստ էին։ Աստվածամոր տաճարի հրդեհին ավելի մոտ էր Միացյալ Թագավոության գլխավոր հուշարձաններից մեկի՝ Վինձորի ամրոցի հրդեհը։ 1992 թ. հրդեհը շարունակվեց ավելի քան 12 ժամ՝ ոչնչացնելով կամ վնասելով ավելի քան 100 կառույց։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ վարագույրի ծայրը մոտ էր գտնվում լապտերին։

1803 թ. նախկին կայսերական պալատում հրդեհի բռնվեց Բրազիլիայի ազգային թանգարանը։ Այնտեղ, ի տարբերություն Աստվածամոր տաճարի, կրակը ոչնչացրեց ամեն ինչ, ինչը ներսում էր գտնվում. բոլոր երեք հարկերը, տասը հավաքածուներից ինը, որոնցից մեկը խոշորագույնն էր Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, այրվեց։

Դրանց մեջ կային հնդկացիների հնագույն սպասք, եգիպտական և հարավամերիկյան մումիաներ, հնագիտական գտածոներ, գիտական արխիվ և գրադարան, 12 հազար տարի առաջ մահացած կնոջ մնացորդներ։

Պատերազմի ճիրաններում

Պատերազմն ուղեկցում է մարդկությանը հազարամյակներ շարունակ։ Բացի միլիոնավոր մարդկանցից, այդ տարիների ընթացքում տուժել են նաև մշակութային հուշարձաններ, մշակութային արժեքներ։ Նման հուշարձանները թիվ չունեն. սկսած Առաջին և Երկրորդ երուսաղեմյան տաճարներից, որոնք ավիրվեցին համապատասխանաբար բաբելոնցիների և հռոմեացիների կողմից, վերջացրած Եվրոպայի անհամար մշակութային խորհրդանշաններով, որոնք ոչնչացվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Պատերազմի ժամանակ ոչնչացված ամենահայտնի ճարտարապետական կառույցներից մեկն աթենական Պարթենոնն է։ Իր կառուցման ժամանակից՝ մ.թ.ա. 447-438 թթ. ի վեր այն հասցրել է լինել և՛ հեթանոսական տաճար, և՛ քրիստոնեական եկեղեցի (ի դեպ, ինչպես ուղղափառ, այնպես էլ կաթոլիկ), և՛ մզկիթ։ Այն բազմաթիվ ձևափոխությունների է ենթարկվել, սակայն մինչև 1687 թ. սեպտեմբերի 26-ը այն պահպանվում էր քիչ թե շատ անփոփոխ տեսքով։ Սակայն հենց այդ օրը հուշարձանն ավիրվեց, և հենց այդ տեսքով էլ այն հայտնի է մեզ այսօր։

Ամեն ինչ պատահեց այսպես. թուրքերը, որոնք այն ժամանակ ղեկավարում էին Հունաստանը, պատերազմ էին մղում վենետիկցիների դեմ։ Վերջիններս հասան Աթենք և սկսեցին ավիրել քաղաքում ամեն ինչ, այդ թվում՝ նաև Պարթենոնը։ Թուրքերը հուսով էին, որ հակառակորդը հնագույն կառույցը չի վնասի, հետևաբար այնտեղ ռազմամթերք էին թաքցրել, ինչպես նաև կանանց ու երեխաների։ Իզուր. կառույցի վրա ավելի քան 700 ռումբ ընկավ, որոնց պայթելու ընթացքում զոհվեց 300 մարդ և ավիրվեց կառույցի կենտրոնական մասը։ Մնացած քանդակները հարյուրամյակների ընթացքում հափշտակվեցին, իսկ կառույցի վերակառուցման և պահպանման աշխատանքները սկսվեցին միայն 1840 թ. և շարունակվում են մինչ օրս։

Բնական աղետներ

Փոթորիկները, ջրհեղեղներն ու հատկապես երկրաշարժերը նույնքան հաճախ են դառնում պատմական ու մշակութային հուշարձանների ավիրման պատճառ, որքան պատերազմները։ Վերցնենք աշխարհի 7 հրաշալիքներից երկուսը՝ Հռոդոսի կոթողն ու Ալեքսանդիայի փարոսը, որոնք ավիրվել են հենց երկրաշարժերի հետևանքով։

Վերջին տարիների օրինակներից կարելի է ուշադրություն դարձնել Հայիթիի մայրաքաղաք Պորտո-օ-Պրենսի Ազգային ամրոցին, որը խիստ վնասվեց 2010 թ. հունվարի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ամրոցի հետ միասին փլատակների վերածվեցին 250 հազար բնակելի տներ և 30 հազար կոմերցիոն կառույցներ։ Մահացավ 100-300 հազար մարդ, որոնց թվում էին Պորտ-օ-Պրենսի արքեպիսկոպոսն ու տեղական ընդդիմության առաջնորդը։

Կիսաավեր ամրոցը կանգուն մնաց մինչև 2012-ը, որից հետո հանվեց, չնայած որ Ֆրանսիան իր օգնությունն էր առաջարկել Հայիթիին կառույցը վերականգնելու հարցում։ Քաղաքի կենտրոնում գտնվող այդ վայրը դատարկ է մինչ օրս, չնայած որ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը 2017-ին ընտրվելուց հետո խոստացել է վերականգնել կառույցը։