Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը


13:41 , 16 մայիս, 2019

12։12

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի հետ կապված լրագրողներն օրեր շարունակ դժգոհություն ունեին, քանի որ նիստի ժամանակ խոսողների ձայնը վատ էր լսվում։ Դատարանը չէր թույլատրում բոլոր բարձրախոսները ներս մտցնել՝ հայտարարելով, որ կարող է մեկը հեռուստաընկերության դա թույլ տալ, որի կապը բաց է, իսկ մյուսներն օգտվեն այդ կապից։

Այսօր էլ խնդիրը չկարգավորվեց, նիստը մի քանի անգամ ընդհատվեց՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, ինչից հետո լրագրողները բոյկոտեցին դատական նիստը և դուրս եկան դահլիճից։ 

Բոյկոտից հետո դատարանը որոշեց, որ լրագրողները կարող են անցել ապակյա պատնեշը, և հնարավորություն տրվեց դատական նիստերին հետևելու հենց նիստերի դահլիճից։ 

11:40

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը դատարանի դիմաց Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահը կներկայանան դատարան։ Սակայն նա հստակ ժամ չնշեց՝ չբացառելով, որ կարող են գալ օրվա 2-րդ կեսին։

Նշենք, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

11:37

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացնում է փաստարկներ, թե ինչու իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի։

Երեկվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը և խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան այսօր:

Այսօր նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նիստին զուգահեռ դատարանի բակում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը դեմ և կողմ քաղաքացիների ակցիան։