ԱՄՆ-ում ծնելիությունն իջել է մինչև վերջին 32 տարվա ամենացածր մակարդակ


20:20 , 15 մայիս, 2019

2018 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում ծնելիության ցուցանիշներն իջել են մինչև վերջին 32 տարվա ընթացքում ամենացածր մակարդակ: Այդ մասին մայիսի 15-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով վերջին կառավարական զեկույցը երկրի ժողովրդագրական իրադրության վերաբերյալ։

Ընդամենն անցյալ տարվա ընթացքում, ներկայացված տվյալների համաձայն, գրանցվել է 3,79 մլն նորածին, ինչը 2 տոկոսով պակաս է, քան նախորդ տարի:

Վերջին անգամ այսքան ցածր ցուցանիշ գրանցվել էր 1987 թվականին:

Ծնելիությունն ԱՄՆ-ում շարունակում է նվազել 2014 թվականից: Անցած տարվա ընթացքում 15-ից մինչև 44 տարեկան կանանց համար ծնելիության գործակիցն ընկել է մինչև ռեկորդային ցածր նիշ՝ 59 մանկիկ՝ 1000 կնոջ հաշվով: Ընդ որում՝ այդ միտումը դիտվում է ոչ միայն երկրի բնակչության սպիտակամորթ ներկայացուցչուհիների, այլև աֆրոամերիկացի, լատինամերիկացի կանանց և ասիական ծագում ունեցող բնակչուհիների շրջանում։

Միակ տարիքային խումբը, որում 2018 թվականին նշվել է ծնելիության աճ, 40-ից բարձր տարիքի կանայք են: 1980-ական թվականներից ի վեր նրանք ավելի ու ավելի մեծ ավանդ են ներդնում ԱՄՆ-ի ազգաբնակչության ավելացման գործում:

Հետազոտության հեղինակներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ծնելիության անկումը տեղի է ունենում երկրի տնտեսական աճի ֆոնին:

Տնտեսական վերելքը սովորաբար ուղեկցվում է նորածնների թվի ավելացմամբ, սակայն անցյալ տարի դա տեղի չունեցավ: Մինչև վերջին ժամանակներս ԱՄՆ-ը մտնում էր բնակչության բնական աճ ապահովող տնտեսապես զարգացած երկրների ոչ մեծ խմբի մեջ: Դեռ տասը տարի առաջ երկրում մեկ կնոջը բաժին էր ընկնում միջին հաշվով 2,1 երեխա, 2018 թվականին այդ ցուցանիշն իջել է մինչև 1,7: