Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են նրան կալանքից ազատելու միջնորդությունը. ուղիղ


14:16 , 15 մայիս, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին հետաձգվեց:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ արտահայտվող քաղաքացիները արդեն երրորդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիա իրականացնել դատարանի բակում: Նրանց վերահսկում են ոստիկանության ծառայողները:

Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը շարունակում է ներկայացնել այսօր:

Երեկվա դատական նիստում դատարանը նախ մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ գործով նախաքննությունն իրականացվել է ուղղորդված: Բացի այդ՝ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է նկատում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացրեց Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից անձնական երաշխավորություն` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ՝ երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Հարցի վերաբերյալ նախագահողը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ երաշխավորագիր ներկայացրած անձինք դատարանում պետք է վերահաստատեն այն, ուստիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանից ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե երբ է հնարավոր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը կազմակերպել:

Այդ ամենից հետո պաշտպանական խումբը սկսեց ներկայացնել միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:

Այսօր շարունակվում է միջնորդության ներկայացումը:

Նշենք նաև, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին միջնորդեց ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման ու խափանման միջոցի հարցի շրջանակում դատարան հրավիրել և հարցաքննել ՍԴ նախկին նախագահ, ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին:

Հայկ Ալումյանը նկատեց, որ իր կողմից թվարկված ՍԴ անդամները 2008 թվականին մասնակցել են գործի քննությանը, որը ներառված է իր պաշտպանյալի մեղադրանքում։ Միջնորդությանն առարկեցին մեղադրողները, դատարանը մերժեց միջնորդությունը:

Դատախազների առարկությանը պատասխանեց անձամբ Ռոբերտ Քոչարյանը:

«Դատախազներն ասում են՝ այս փուլի հարց չի նրանց հարցաքննությունը, համաձայն եմ: Սա պետք է քննություն իրականացնելու ժամանակ արվեր, բայց, քանի որ այն ժամանակ այս դրվագի վերաբերյալ ուղղակի ուղղորդված քննություն է տարվել, դրա համար սա դառնում է այս փուլի հարց»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ ՍԴ նախկին նախագահին և դատավորներին չհարցաքննելն ուղղակի գիտակցված կողմնակալ մոտեցում է ամբողջ քննության ընթացքում:

«Այո՛, ես պնդում եմ, որ այդ մարդիկ պետք է այստեղ՝ դատարանում հարցաքննվեն այն պատճառով, որ դա չի արվել ժամանակին»,- նշեց նա:

Այնուամենայնիվ, դատարանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը: Ալումյանն էլ արձագանքեց, որ դատարանը կաշկանդված է Գագիկ Հարությունյանի անձով:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործից մաս է առանձնացվել և ուղարկվել դատարան: «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասով մեղադրյալ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման, ինչպես նաև կաշառք վերցնելու մեջ, մյուս ամբաստանյալը 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, փողերի լվացման, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Գործով մյուս ամբաստանյալը 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանն է, ով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Նույն մեղադրանքն է առաջադրված նաև Յուրի Խաչատուրովին, ով 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն էր:

Նախնական դատական նիստին ամբաստանյալներից ծանուցվել է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև դատարանը հայտնում է, որ բացառապես քննվելու է նրա խափանման միջոցի վերաբերյալ հարցը: Մյուս ամբաստանյալները կալանավորված չեն: Այս դիտարկման հետ համաձայն չէ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ով չի ծանուցվել, դատարանը թույլ չի տալիս նրան դիրքորոշում հայտնել, սակայն ներկայանում է դատական նիստին: