«Հուսով եմ` մյուս տարվա սկզբից կսկսվեն մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները». Արթուր Մեսչյան


12:29 , 15 մայիս, 2019

Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«3 ամիս առաջ էր եղել հանդիպում, այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, մենք հնարավորություն չունենք բյուջետային միջոցներով ծրագիրն իրականացնելու, կառուցապատողների հետ ենք բանակցում: Հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, ոչ թե ճարտարապետությամբ: Կա՞ն արդյոք կառուցապատողներ, այո՛: Անուններ դեռ չեմ ասի, մյուս ասուլիսի ժամանակ մանրամասն կխոսենք»,- նշեց Արթուր Մեսչյանը:

Նա նշեց, որ 3 տարբեր կառուցապատողների հետ են աշխատում: Կառուցապատողները շահագրգռվում են հետևյալ ձևով՝ Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցապատողին արտոնությո՞ւն է տրվելու «Թումոյի» շրջակայքում՝ մետրոպոլիտենի վրա, մեծ մոլ կառուցելու համար: Մոլի առաջին հարկի միջից է լինելու մետրոպոլիտենի կապը:

Բացի մետրոպոլիտենի նոր կայարանից՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը:

«Ճոպանուղով հնարավորինս կթեթևացնենք Նորքի և Կենտրոնի կապը և տրանսպորտային հոգսը: Կապը լինելու է 2-րդ Մասիվից նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»,- հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Արթուր Մեսչյանի խոսքով՝ ճոպանուղու ծրագիրը ևս կֆինանսավորվի ոչ բյուջետային միջոցներով՝ կառուցապատողների կողմից:

Անդրադառնալով ճոպանուղու կառուցման ժամկետին՝ Մեսչյանը նշեց, որ նախագծային աշխատանքների ծավալը շատ ավելի փոքր է: «Կարծում եմ՝ մյուս տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանքներ կկարողանանք անել: Գոնե սյունաշարը կկարողանանք անել»,- ասել է նա: