Տամագոչի արտադրողը կվերսկսի դրա թողարկումը


17:05 , 14 մայիս, 2019

Bandai ճապոնական ընկերությունը հայտարարել է տամագոչիի՝ վիրտուալ ընտանի կենդանիով սարքի, արտադրության վերսկսման մասին: Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Սարքի նոր տարբերակը, որը կոչվում է «Tamagotchi On», ներկայացված է չորս գույներով՝ վարդագույն, դեղին, երկնագույն և մանուշակագույն: Գունավոր LCD էկրանին կտեղադրվի երեք կոճակ:

Օգտագործողները վիրտուալ ընտանի կենդանուն կկարողանան կերակրել, տանել զբոսանքի և քնացնել, ինչպես նաև կկարողանան նրա հետ խաղալ: Խաղի նոր տարբերակը հնարավորություն է տալիս պահելու ընտանի կենդանու 16 սերունդների, որոնք կարող են ամուսնանալ, բազմանալ և ճամփորդել: Ավելի շատ գործառույթներ հասանելի կլինեն Tamagotchi App հավելվածը ներբեռնելու դեպքում: Բացի այդ՝ սարքը հնարավոր կլինի վերահսկել սմարթֆոնից: