Ամերիաբանկը ներկայացրեց արևային էներգետիկայի ոլորտում կատարվող զարգացումները, առավելությունները և նոր տենդենցները (Photo)


14:40 , 14 մայիս, 2019

Կարևորելով վերականգնողական էներգետիկայի զարգացման միտումները Հայաստանում՝ Ամերիաբանկը հրավիրել էր արևային լիզինգի թեմայով կոնֆերանս իր կորպորատիվ և պոտենցիալ հաճախորդների համար: Միջոցառումը նպատակ ուներ բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն տալու ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրակայանների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին, առկա փորձին և տեղում ստանալու ամբողջական խորհրդատվություն արևային էներգիայի օգտագործման ողջ գործընթացի վերաբերյալ:

«Մենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում շատ ակտիվ ենք եղել։ Ժամանակին շատ ակտիվ ենք եղել հիդրոկայանների ֆինանսավորման գործում, հիմա ավելի կենտրոնացած ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում արևային կայանների վրա: Լիզինգով և վարկավորմամբ արդեն 3 մլրդ դրամի պորտֆել ենք կառուցել կես տարվա ընթացքում: Աշխատում ենք հիմնականում բոլոր միջազգային կառույցների հետ, որոնց համար շատ կարևոր է վերականգնվող էներգիայի խթանումը, և այսօր փորձում ենք հարթակ ձևավորել, որտեղ կհանդիպեն արևային էներգիայի սարքավորումներ մատակարարող ընկերությունները, ֆինանսավորող կազմակերպությունները, պոտենցիալ և առկա ներդրողները: Ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկն էլ ներդրողին առաջարկում է 20% Cashback, որը շատ հրապուրիչ է դարձնում ընդհանուր ֆինանսական պայմանները»,- նշում է Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

Ամերիաբանկի կողմից առաջարկվող արևային լիզինգն ընձեռում է հետևյալ հնարավորությունները՝ GEFF-ի հետ ունեցած համագործակցության շրջանակներում լիզինգի մայր գումարի 20% փոխանցում հաճախորդի հաշվին և ստացած միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ, ֆինանսավորում առանց գրավի, համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ, լիզինգին զուգահեռ այլ ֆինանսական գործիքների օգտագործում, սերտ համագործակցություն միջազգային ֆոնդերի հետ:

«Հանդիպման նպատակն է կիսվել արևային էներգետիկայի ոլորտում կատարվող զարգացումներով, այդ ուղղության առավելություններով, նոր տենդենցներով: Այսօր հրավիրել ենք ոլորտի մասնագետների՝ մեզ հետ համագործակցող տարբեր գործընկեր կազմակերպություններից՝ Եվրոպական զարգացման բանկից, GEFF-ից, Համաշխարհային բանկից, ոլորտը կարգավորող և վերահսկող համապատասխան մեր գործընկերներին, ինչպես նաև արևային գործունեության ոլորտում մատակակար կազմակերպությունների: Ներկայացնում ենք մեր բանկի նոր ծրագիրը, որը մեկնարկել է մի քանի ամիս առաջ․ կոչվում է արևային լիզինգ, որի ներքո արդեն երեսուն կազմակերպությունների տրամադրվել է ֆինանսավորում, և ընդհանուր մոտ 3 մլրդ դրամի պորտֆել ունենք»,- նշեց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի փոխտնօրեն Անդրո Բութխուզին նշեց, որ շուկայում ծրագրի դրական միտումներ են նկատվում: Նա նաև ավելացրել է, որ արևային էներգիայի մեծ պահանջարկ կա, իսկ հայ գործարարները հետաքրքրված են վերականգնվող էներգիայով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտով:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Համաշխարհային էներգետիկայի մասնագետ Էմիլ Զալինյանը, GEFF տեխնիկական խորհրդատու, ճարտարագետ Վարդան Խաչատրյանը, Ամերիաբանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զարուհի Բոստանջյանը:

                             

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի