Հենրիկը դարձել է երեք օլիգարխների զոհը


14:26 , 21 հունիս, 2013

Անգլիական Միրոր պարբերականը գրում է, որ ձախողվել է Հենրիկ Մխիթարյանի տեղափոխումը Լիվերպուլ: Ըստ պարբերականի, ձախողման պատճառն այն է, որ Մխիթարյանի տրանսֆերի իրավունքը պատկանում է ոչ միայն Շախտյորին, այլ մի քանի անձանց, ինչի պատճառով էլ պայմանավորվածությունը չի ստացվում: Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Հենրիկ Մխիթարյանը Վիեննայում է եւ սպասողական, անորոշ վիճակով:

Մխիթարյանի տրանսֆերի պատմությունն իսկապես անորոշ ստացվեց: Մխիթարյանը առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է, որը կարող է հայտնվել միջազգային բարձրակարգ ակումբում, բարձրակարգ առաջնությունում, բայց այդ գործընթացի շուրջ տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ:

Ինչպես հայտնի է, նրա տրանսֆերի իրավունքը բացի Շախտյորից պատկանում է նաեւ Դոնեցկի Մետալուրգի եւ Կրասնոդարի Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին, ով մտերիմ հարաբերություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Տրանսֆերի իրավունքի մի մասն էլ պատկանում է հենց Ռուբեն Հայրապետյանին, ոչ ուղղակի իհարկե, այլ ի դեմս նրան պատկանող Փյունիկի:

Ահա այս ֆոնին շատ ուշագրավ է, որ երբ այս օրերին ընթանում է Մխիթարյանի Լիվերպուլ տեղափոխվելու գործընթացը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը որոշում է հանդիպել սոցցանցերի ներկայացուցիչների եւ բլոգերների հետ ու այդ հանդիպմանը բավական աղմկոտ «բացահայտումներ» անում հավաքականում վատ մթնոլորտի եւ դրա համար Հենրիկ Մխիթարյանի մեղավորության մասին: Թե ինչու է Ռուբեն Հայրապետյանը, ում պատկանում է Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի իրավունքի մի մասը, որոշում նրա համար կարեւոր գործընթացում տարածել Հենրիկի վարկին ըստ էության վնասող տեղեկություններ, մնում է միայն գուշակել կամ ենթադրել:

Փաստորեն, ֆեդերացիայի նախագահը Հենրիկին ներկայացնում է որպես մեծամիտ ֆուտբոլիստի, որն ազգային հավաքականում իրեն բարձր է դասում մյուսներից; Ինչ եք կարծում, նման բնորոշումը Հենրիկին ձեռք բերել պատրաստվող որեւէ ակումբի կգոհացնի՞, թե ավելի կզգաստացնի եւ կդարձնի զգույշ: Նման բնորոշումը Հենրիկի տրանսֆերային արժեքը կբարձրացնի՞ ավելի, թե կլինի հակառակը; Ի վերջո, որ մի ակումբը կցանկանա ձեռք բերել կամ բարձր գին վճարել մի ֆուտբոլիստի համար, որին ազգային ֆեդերացիայի նախագահը համարում է մեծամտացած, ու նաեւ հայտարարում, թե հավաքականի տղաները կոնֆլիկտ ունեն Հենրիկի հետ:

Կոնֆլիկտը այլ հարց է իհարկե, բայց հատկանշական է այդ ամենի մասին հենց այժմ հայտարարելու հանգամանքը, այն դեպքում, երբ տրանսֆերի իրավունքի մի մասի տեր հանդիսացող Ռուբեն Հայրապետյանը պետք է որ շահագրգռված լիներ Հենրիկի վարկանիշի աճով, որպեսզի նրա տրանսֆերային արժեքը հնարավորինս բարձր լիներ կամ նրան ձեռք բերել ցանկացող ակումբների մոտ, բացի նրա խաղային որակներից, հավելյալ շահագրգռություն առաջացնեին նաեւ մարդկային որակները:

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը անում է լրիվ հակառակը եւ կարեւոր պահին ուղղակիորեն տարածում Հենրիկ Մխիթարյանի մասին մեղմ ասած բացասական տեղեկություններ: Ի՞նչն է դրա պատճառը: Արդյոք այն, որ Շախտյորից բացի տրանսֆերի իրավունք ունեցող Ռուբեն Հայրապետյանն ու Օլեգ Մկրտչյանը դժգոհ են գործարքի իրենց հասանելիք բաժնից, կամ արդյոք այն, որ Հենրիկը փորձում է շարժվել ոչ այնպես, ինչպես կասեն կամ ցուցում կտան տրանսֆերի «իրավատերերը»: Համենայն դեպս, ակնհայտ է, որ ֆեդերացիայի նախագահի եւ Հենրիկ Մխիթարյանի միջեւ կա որոշակի կոնֆլիկտ: Այստեղ իհարկե չի բացառվում նաեւ Շախտյորի սեփականատեր Ռինատ Ահմետովի դերը, որը եւս այսպես ասած խորհրդա-ռուսական «պրոբի» օլիգարխ է եւ չի բացառվում, որ Հենրիկը պարզապես դառնում է երեք օլիգարխների կայացած կամ չկայացած գործարքի զոհը:

Իրավիճակը կրկնակի ցավալի է այն իմաստով, որ հավաքականում մթնոլորտի, Հենրիկի եւ մյուս ֆուտբոլիստների փոխհարաբերությունների մասին հայտարարություններից հետո այդ ամենի զոհ կարող է դառնալ ոչ միայն Հենրիկը, այլ նաեւ Հայաստանի հավաքականն ամբողջությամբ, այն էլ այն դեպքում, երբ կարծես թե Դանիայի հավաքականի հանդեպ հաղթանակից հետո ստեղծվել էր ներթիմային ճգնաժամը հաղթահարելու լավ նախադրյալ՝ Չեխիայի հավաքականի հետ կարեւոր խաղից առաջ, որը հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կստանա երկրորդ ուղեգրի համար ռեալ պայքարի լավ շանս: