Խորհրդավոր սպանություններ Գերմանիայում


06:30 , 14 մայիս, 2019

Գերմանիայում տեղի ունեցած խորհրդավոր սպանության պատմությունը նոր զարգացում է ստացել, երբ հյուրանոցում հայտնաբերված արբալետից սպանված երեք զոհերից մեկի տանը ևս երկու դի է հայտնաբերվել, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի ոստիկանությունը մայիսի 13-ին հայտարարել է, որ մայիսի 11-ին, հարավային Պասաու քաղաքում արբալետից սպանված երեք զոհերից մեկի տանը երկու կնոջ դի է հայտնաբերել:

Պասաուի դատախազության ներկայացուցիչն ասել է, որ կանանց դիերը հայտնաբերվել է Վիտինգեն քաղաքում:

Ոստիկանության խոսքերով, Վիտինգենում հայտնաբերված կանանց և Պասաուի դեպքերի հնարավոր կապը դեռ պետք է հաստատվի:

Առեղծվածային սպանության մասին հայտնի է դարձել մայիսի 11-ին, երբ Պասաուի փոքր հյուրանոցներից մեկում հայտնաբերվել են 53-ամյա տղամարդու և երկու՝ 33-ամյա և 30-ամյա կանանց դիերը: Նրանց մարմիններում արբալետի նետեր են եղել: