Պոկեմոնների մասին ֆիլմը գրեթե 60 մլն դոլար է վաստակել դեբյուտային ուիք-էնդում, բայց չի գերազանցել «Վրիժառուներին»


20:20 , 13 մայիս, 2019

«Պոկեմոն: Դետեկտիվ Պիկաչուն» ֆանտաստիկ ֆիլմը վարձույթի մեկնարկում բավականին մեծ գումար է հավաքել Հյուսիսային Ամերիկայում, բայց այդ ցուցանիշով չի կարողացել գերազանցել Marvel-ի «Վրիժառուներ. եզրափակիչ» կոմիքսների էկրանավորմանը, որն ամերիկյան վարձույթում առաջնությունը պահում է երրորդ հանգստյան օրերն անընդմեջ:

Ավարտված հանգստյան օրերի արդյունքներով՝ «Վրիժառուների» եզրափակիչ մասը, Box Office Mojo կայքի տվյալներով, ևս 63 մլն դոլար է հավաքել Հյուսիսային Ամերիկայում: Ներկայումս կինոնկարն ընդհանուր առմամբ Marvel Studios-ին 723,5 մլն դոլար է բերել ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ համաշխարհային դրամական մուտքերը հասել են 2.49 մլրդ դոլարի: «Ավատարի» ցուցանիշներին հասնելու համար, որն ամենահասութաբեր ֆիլմն է պատմության մեջ, մնացել է ընդամենը 300 մլն դոլար:

«Պոկեմոն: Դետեկտիվ Պիկաչուն» ֆիլմը տնային վարձույթում երկրորդ տեղն է զբաղեցրել ուիք-էնդի արդյունքներով: Warner Bros-ի էկրանավորումը դեբյուտային հանգստյան օրերին հավաքել է 58 մլն դոլար: Համաշխարհային դրամական մուտքերը կազմել են շուրջ 170 մլն դոլար, ընդ որում՝ մոտավորապես 41 մլն դոլարը բաժին է ընկել Չինաստանին: Box Office Mojo-ի տվյալներով՝ «Պիկաչու»-ն պատմության մեջ լավագույն մեկնարկն է արձանագրել տեսախաղերի բոլոր էկրանավորումների շրջանում՝ գերազանցելով «Լարա Քրոֆթ. շիրիմների կողոպտիչը» ֆիլմին: Երրորդ հորիզոնականում տեղ է գտել Metro-Goldwyn-Mayer-ի արտադրության «Անուղղելի խարդախները» կատակերգություն-ռեմեյքը, որտեղ գլխավոր դերերը կատարել են Էնն Հեթեուեյը և Ռեբել Ուիլսոնը: Պրեմիերային հանգստյան օրերը 13.5 մլն դոլար են բերել ֆիլմին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: