Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախնական նիստը. ուղիղ


14:43 , 13 մայիս, 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ Սեյրան Օհանյանի, 2008-ին պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ: ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:

Այս՝ նախնական դատական նիստին քննվելու է բացառապես խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը, նիստին մասնակցում է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նիստի մեկնարկին մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու համար դատավորը 10 րոպեով հետաձգեց նիստը, որի վերսկսումից հետո դատական նիստերի դահլիճ եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա հետ մեղադրական կողմում են Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, դատախազներ Կարեն Բիշարյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Քանի որ այսօր քննարկվելու է բացառապես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դատարանը գործով մյուս ամբաստանյալներին չի ծանուցել, իսկ միայն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև միայն նրա նկատմամբ է խափանման միջոցն ընտրված կալանավորումը:

Նշենք, որ դատական նիստերի դահլիճի այն մասը, որը նախատեսված է լրատվամիջոցների ու քաղաքացիների համար, բազմամարդ է, դատական կարգադրիչները փակել էին դուռը, սակայն Քոչարյանի պաշտպանների բարձրաձայնելուց հետո դատարանը որոշեց դուռը բացել:

Բացի այդ՝ դատարանի բակը բազմամարդ է, այնտեղ էլ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահի:

Դատարանի բակում է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով աջակցում է դատարանին: