12:58 , 21 հունիս, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ԱԺ-ում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվության ու դրա շուրջ բարձրացած աղմուկի վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ այս ամենի նպատակը ոչ այդքան առկա խնդիրների բարձրաձայնումն էր, որքան որոշ խմբերի՝ առավել նեղ շահերի սպասարկումը:
Սա, իհարկե, չի նշանակում, թե պետական համակարգում ամեն ինչ ճիշտ «ռելսերի» վրա է, իսկ ՎՊ-ն նախագահը խոսում է այնպիսի երևույթների մասին, որոնք առհասարակ խորթ են պետական մարմինների համար:
Սակայն իրավիճակը տարօրինակ է դառնում հատկապես այն դեպքում, երբ հիշում ես, որ ՎՊ ղեկավարը բավականին երկար ժամանակ այդ պաշտոնին է, սակայն ՎՊ հաշվետվությունները երբեք նման ռեզոնանս չէին առաջացրել: Եվ սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ թեման լրիվ այլ նրբերանգներ ստացավ:
Ինչ խոսք, այդ հաշվետվության ներկայացումն ու դրան հետևած արձագանքները հաճախ ուղեկցվում էին քաղաքական գնահատականներով, ինչի արդյունքում առաջին պլանում էին հայտնվել ոչ թե համապարփակ ուսումնասիրություններն ու դրա արդյունքները, այլ «նախընտրելի թիրախների խոցման հարցը»:
Որոշակի առումով պետական կառույցների միջև մրցակցությունը, միմյանց հավասարակշռումը կարող է արդյունավետ լինել, սակայն երբ այդ կառույցների հարաբերություններում հիմնական մեխը նեղ ինտրիգներն են, այն առավել վտանգավոր բնույթ է ստանում:
Թե ինչ ընթացք կստանա այս պրոցեսը, դեռևս դժվար է ասել, սակայն այն, որ թերությունների կամ կեղծիքի բացահայտման փաստը լոկ գործիք է դառնում միմյանց չարախոսելու համար, ինքնին ցույց է տալիս, որ գործընթացը սխալ ընթացք է բռնել:
Ակնհայտ է, որ այս ինտրիգներն ինչ-որ փուլում կմարեն, սակայն հասարակության համար շատ ավելի կարևոր է իմանալ, թե իրականում ի՞նչ թերությունների կամ մսխումների մասին էր խոսում վերահսկիչ պալատի նախագահը, արդյոք հայտնի՞ են ԱԺ-ում այդքան փնտրվող թալանչիները, և որ ամենակարևորն է՝ ովքեր են պատասխանատվության ենթարկվելու (մսխողնե՞րը, անպատասխանատու հայտարարություններ հնչեցնողնե՞րը, թե՞…):
Ի դեպ, նախօրեին կայացած կառավարության նիստում, անդրադառնալով այս թեմային, բավականին ուշագրավ հայտարարություն արեց վարչապետը, ով նշեց, թե «երբևիցե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է արժանի պատիժ կրեն»: Սա բավականին թափանցիկ ակնարկ էր բոլոր նրանց, ովքեր, պետական համակարգում բարձր պաշտոններում գտնվելով, ոչ միայն վերջին 1-2 տասնամյակում օգտվել են «պետության ընձեռած հնարավորություններից», այլև կարծում են, որ ժամանակը «մաքրում է բոլոր հետքերը»: