Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փոխուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով:
Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: