12:55 , 21 հունիս, 2013
«Լավ, ես էս երկրի վարչապետ եմ, քավ լիցի, ես հավակնություն չունեմ, հիմա իմ անունս պտտվում է, ի՞նչ պետք է անեմ: Պետք է ասեմ, որ ես տեղյակ չեմ, եթե իրականում ես տեղյակ չեմ: Եվ եթե ես տեղյակ չեմ, պետք է վերցնեմ այդ փաստաթղթերը, ուղարկեմ իրավապահ մարմիններին ու ասեմ` գիտես ի՞նչ կա, սիրելիներս, էս մարդը իմ անունի հետ խաղացել է»,- երեկ ԱԺ–ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` մեկնաբանելով վարչապետի, գործարար Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայտնի օֆշորային պատմությունը:
ՀՀԿ պատգամավորը նշեց. «Չնայած լրագրողներդ ցանկանում եք, որ ես քաղաքական գնահատական տամ, բայց ես չեմ կարող անել, քանի դեռ իրավական գնահատականը չկա»:
Վարդան Այվազյանը, սակայն, համոզված է մի բանում. «Դժվա՞ր է, որ մեկն ուզենա վարչապետի հեղինակության հետ խաղա»:
«Եթե այդ օֆշորային հասցեում իմ անձնագրային տվյալներով գրանցում եք անում, կարող եք անել, անգամ ՀՀ բանկերին գնացեք հարցրեք` այդ մարդը առանց իրա ստորագրության, առանց ներկա լինելու կարող է հաշիվ բացել: Եթե դուք հանկարծ կասկած կունենաք, հինգ րոպեից հետո ես կզանգեմ, կասեմ` այսինչ մարդու անունով հաշվեհամար բացեք, կտեսնեք: Բայց երբ գումար է փոխանցվելու այդ հաշվեհամարին, պետք է կամ դա իրականացնի լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից, կամ այդ անձի»,- նշեց նա:
Ի դեպ, պատգամավորը նշեց, որ այս պատմությանն այնքանով է ծանոթ, որքան գրվում է այդ մասին մամուլով: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փայլակ Հայրապետյանը հայտարարում է, որ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սնանկացրել են իրեն, Վարդան Այվազյանը պատասխանեց.«Ես չգիտեմ իր գործունեությամբ, իր պակաս բիզնեսի ակտիվությամբ, միջազգային շուկայում տեղի ունեցող գների փոփոխությամբ, թե ինչ որ այլ հանգամանքների դեպքում է այդ մարդը սնանկացել, հետևաբար այդ ամենը ասելու փոխարեն, կարող է մտնել դատարան ու ասել, որ այս մարդիկ տարել են միտումնավոր սնանկացման, ու թող իրավապահները այդ ամենը պարզեն»:
Նշենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը դժգոհում է, որ օֆշորային գտում գրանցված հաշիվներեով Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սննկացրել են իրեն։