«Վախենում եմ, որ սերիական մարդասպանի եմ մեծացնում». ամերիկուհուն հրազենից կրակել է նրա 9-ամյա որդեգիր տղան


18:00 , 11 մայիս, 2019

ԱՄՆ Միչիգանի նահանգի Ֆավն-ռիվեր քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել: Տեղի բնակչուհի 51-ամյա Փոլին Ռենդոլին հրազենային վնասվածք է հասցրել նրա 9-ամյա որդեգիր տղան, որին նա իր խնամքի տակ է վերցրել երեք տարի առաջ: Տղայի մոտ, որի կենսաբանական մայրը թմրամոլ էր, հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել: Նա ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել. կռվել է, ճղճղացել, շպրտել իրերը: Փոլինը փորձել է օգնել դժվար մանկություն ունեցող երեխային. հոգեբույժի մոտ այցելության է գրանցել, սակայն տղային բժշկի մոտ տանել այդպես էլ չի հաջողվել:

Daily Star-ի փոխանցմամբ՝ մահվանից առաջ կինը, որը նաև երկու մեծահասակ դուստրեր ուներ, իր մտերիմներին խոստովանել է, որ վախենում է, որ «սերիական մարդասպան» է մեծացնում:

Միևնույն ժամանակ, Ռենդոլի դուստրերից մեկն ասել է, որ եղբայրը չի ցանկացել սպանել մորը, այլ միայն վախեցրել է՝ որսորդական հրացանով նշան բռնելով նրա վրա: Եվ հիմա նա լիովին չի գիտակցում, թե ինչ է արել և ինչու չի կարող տուն վերադառնալ: «Ես ուզում եմ, որ մարդիկ չմտածեն, որ նա վատ երեխա է: Նա սիրում էր իր մորը»,- ասել է աղջիկը:

Ներկայումս տղան մանկական գաղութում հոգեբուժական փորձաքննություն է անցնում: