Բաքուն նպատակ է հետապնդում բանակցային գործընթացը տանելու լրիվ տապալման


13:32 , 11 մայիս, 2019

Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն այդ հանդիպման կազմակերպումը շարունակում է ձգձգվել:

Այս պայմաններում անորոշ իրավիճակ է ստեղծվել Արցախյան հակամարտության շուրջ, քանի որ, ինչպես երևում է, հակամարտության կողմերը չեն կարողանում ընդհանուր եզրեր գտնել հանդիպումները շարունակելու համար: Հակամարտության կողմերի համար նաև դժվար է կողմնորոշվել, թե որ ուղղությամբ կարելի է շարժվել բանակցային գործընթացում առաջխաղացում ունենալու նպատակով:

Օգտվելով բանակցային գործընթացի ժամանակավոր դադարից՝ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը և վիրավորում հայ զինվորներին: Բաքուն նպատակ է հետապնդում բանակցային գործընթացը տանելու լրիվ տապալման, միջնորդներին ցույց տալու, թե հայական կողմի դիրքորոշման պատճառով է արգելակվել բանակցային պրոցեսը և հիմքեր ստեղծելու ռազմական գործողությունների իրականացման համար:

Այնպես որ, իրավիճակը վտանգավոր է, և ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նոր սադրիչ քայլերի դիմել: Որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից, պետք է ուշադիր հետևել Ադրբեջանի յուրաքանչյուր քայլի, դրանց տալ համապատասխան գնահատական և միջնորդների ուշադրությունը հրավիրել Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վրա: