«Եվրատեսիլ 2019»-ի նախապատրաստական աշխատանքներն Իսրայելում կոալիցիոն բանակցությունների տապալման պատճառ են դարձել


11:18 , 11 մայիս, 2019

Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019»-ի նախապատրաստական աշխատանքները, որոնց մի մասը կառավարության արտոնմամբ ծրագրված է իրականացնել շաբաթ օրը, պատճառ են դարձել կոալիցիոն բանակցությունների տապալման։ Վերոնշյալի հետևանքով կրոնական ուղղվածության «Յաhդուտ hա Թորա» ծայրահեղ ուղղափառ հրեաների կուսակցությունների միավորումը հրաժարվել է ընտրությունները հաղթած «Լիքուդի»-ի հետ բանակցություններից․ առանց նշված ուժի վարչապետ Բենյամին Նեթանյահուին չի հաջողվի կառավարություն ձևավորել։

Եվ առհասարակ, Իսրայելում կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացն այնքան էլ արդյունավետ չէ։ Առաջիկա օրերին լրանում է օրենքով նախագահի կողմից վարչապետին տրամադրված 4-շաբաթյա ժամկետը, և կանխատեսելի է, որ Նեթանյահուն Ռիվլինից կխնդրի ևս հավելյալ 2 շաբաթ՝ կոալիցիոն բանակցություններն ավարտին հասցնելու համար։