12:02 , 21 հունիս, 2013Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ քննվում է Արմեն Հակոբյանի գործը:
Զինծառայող, գնդացրորդ, կոչումով շարքային, Վանաձոր քաղաքի բնակիչ Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի մարտի 25-ին, ժամը 12-ի սահմաններում Վանաձորի «Լճեր» տեղանքում կողոպտել է Իջևան քաղաքի բնակչուհի Հ.-ին:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Հակոբյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ տուժողի ձեռքը ոլորելով, նրա մատից հանել է 35 հազար 100 դրամ ընդհանուր արժողությամբ մեկ ոսկե ու մեկ արծաթե մատանիները:
«Ամբողջացնելով» իր արարքը՝ Հակոբյանը ձեռքով հարվածել է տուժողի գլխին ու դիմել փախուստի: Բայց հեռու չի փախել...
Արմեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հափշտակված մատանիները քրեական գործի իրեղեն ապացույցներն են:
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել գույքի բացահայտ հափշտակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: