Արցախի հետ կապված քննարկումները երբեք վերելակների մեջ չեն եղել. մերժված ուժերը փորձում են նսեմացնել ԼՂ-ն բանակցային սեղան բերելու գործընթացը. Ա. Քոչարյան


13:50 , 10 մայիս, 2019
Tert.am-ը գրում է.
Լավ կլինի, որ արցախյան հերոսները քաղաքական շահարկումների դաշտ չմտնեն, որովհետև այդտեղ մսխվում է նաև իրենց հսկայական ավանդը որպես հերոսապատման ակտիվ մասնակից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ըստ նրա՝ Արցախի ազատամարտի մեր հերոսներին օգտագործել տարբեր քաղաքական միջնորդությունների նպատակով, որը միտված չէ Հայաստան-Արցախ հարաբերություններն ավելի ուժեղացնելու, այլ միտված է Արցախը քաղաքական շահարկումների թեմա դարձնել, անթույլատրելի է և ոչ հեռանկարային:
- Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը երեկ հայտարարել է, որ վերելակային պայմանավորվածությունը Հայաստանին օգուտ չի տվել: Ըստ նրա՝ Ադրբեջանը աշխատանքներ է իրականացնում, ուստի այն հօգուտ Ադրբեջանի էր: Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որ «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»: Կա՞պ կա այս երկու հայտարարությունների միջև:
- Քանի որ Հայաստանում շատ ուժեր մերժված են, մասնավորապես իշխանությունից զրկված քաղաքական ուժերը, ովքեր փորձում են քաղաքական հարթակ փնտրել Արցախում, որպեսզի այնտեղից խոսեն ՀՀ իշխանությունների դեմ, Հայաստանի ու Արցախի մեջ խառնակչություն անելը լուրջ վտանգ է ազգային անվտանգության տեսանկյունից: Արցախը պետք է հարաբերվի Հայաստանի հետ, մերժված քաղաքական համակարգերն էլ այստեղ պետք է անելիք չունենան: Նրանք պետք է գիտակցեն, որ իրենց դերը պետք է լինի իրենց քաղաքական ապագայի կերտումը, իսկ դա տարիներ կպահանջի, որովհետև իրենց կառավարման ընթացքում այնպիսի սխալներ են գործել, որոնց ընթացքում նաև արյուն է թափվել Հայաստանում: Սա անտեսել հնարավոր չէ: Անթույլատրելի է Արցախը քաղաքական խաղաքարտ դարձնելը:
Իսկ ինչ վերաբերում է դիվանագիտությանը վերելակի մեջ, թե ծառերի տակ, կրկին շահարկման թեմա է, որովհետև իրենք լավ գիտեն, որ վերելակների մեջ չէ, որ կերտվում է դիվանագիտությունը: Դիվանագիտությունը կերտվում է Հայաստանում, Արցախում: Արցախի հետ կապված քննարկումները երբեք վերելակների մեջ չեն եղել, պարզապես նրանք փորձում են նսեմացնել գործընթացը, որը միտված է Արցախը բանակցային սեղան օր առաջ բերելուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ