Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի վերաբերյալ գործադիրի առաջարկության նախագիծը


13:34 , 10 մայիս, 2019

Մեկնարկել է ՀՀ կառավարության այսօրվա նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիր մարմինի նիստի օրակարգում 33 հարց է ընդգրկված: Հարցերից 18-ը չզեկուցվող են:

Նախագծերից մեկը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի մասին է:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթում:

Չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է Արմավիրի մարզի Եղեգնուտի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելուն և անցկացնելուն: Կքննարկվի նաև Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը:

Նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագծով առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել աղբահանության վճարի հաշվարկումն ըստ առանձին տնտեսական գործունեության տեսակի համար սահմանված դրույքաչափի, բացի այդ՝ հստակեցվում և լրացվում են տնտեսական գործունեության տեսակները, ինչպես նաև դրվում են հստակ վարչական մեխանիզմներ, որոնք ապահովելու են աղբահանության պայմանագրերի կնքումը: