Մակրոնը Միացյալ Նահանգներին մեղադրել է Իրանի «միջուկային գործարքից» հնարավոր դուրս գալու համար


05:30 , 10 մայիս, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի Իրանի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվի «միջուկային գործարքից» Իրանի դուրս գալու պատասխանատվությունը գցել եվրոպական երկրների վրա:

«Իրանը դեռևս դուրս չի եկել միջուկային գործարքից: Եթե Իրանը դուրս գա գործարքից, ապա դրա համար պատասխանատու կլինի Միացյալ Նահանգները»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքերով, այժմ անհրաժեշտ է ամեն ինչ անել, իրավիճակի սրումից խուսափելու և «միջուկային գործարքը» պահպանելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել չհրաժարվել իրանական էներգակիրների գնումից: