ԱՄՆ թանգարանում ներկայացվել է Տրոցկու սպանության գործիքը


06:49 , 9 մայիս, 2019

Վաշինգտոնում լրտեսության միջազգային թանգարանում նոր ցուցանմուշ է ներկայացվել՝ սառցահատ, ինչով, ենթադրաբար, սպանել են հեղափոխական Լև Տրոցկուն: Արտեֆակտի պատմության մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում պատմել է ամերիկացի պատմաբան Քիթ Մելթոնը:

«Ես սա ամենուր փնտրել եմ… 40 տարի է պահանջվել այն գտնելու համար և ևս երեք տարի՝ իսկությունը հաստատելու համար»,- նշել է նա:

Գործակալության տվյալներով՝ սառցահատը հայտնաբերվել է 2005 թ.-ին Մեխիկոյի բնակչուհի Անա Ալիսիա Սալասի տանը:

Կինը պնդել է, որ այն ժառանգել է պապից, որը ոստիկանության գաղտնի աշխատակից էր:

2018 թ.-ի սեպտեմբերին հաղորդվել էր, որ սառցահատը, որով սպանվել է ռուսական հեղափոխության առաջնորդներից մեկը, հանրությանը կներկայացվի լրտեսության միջազգային թանգարանում:

Սովետական պետական գործիչ Լև Տրոցկին ՍՍՀՄ-ից արտաքսվել է 1929 թ.-ին:

Նրան սպանել են 1940 թ.-ի օգոստոսի 20-ին Մեխիկոյի իր սեփական տանը: Հանցագործը, ենթադրաբար, խորհրդային հատուկ ծառայությունների գործակալ Ռամոն Մերկադերն է: