4 երկիր, որտեղ կենդանիների իրավունքները պաշտպանվում են օրենսդրությամբ


01:14 , 9 մայիս, 2019

Շատ երկրներում կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են օրենսդրական մակարդակով։ Ամեն տարի ընդունվում են նոր օրենքներ, որոնք նախատեսված են կենդանիների կյանքն ավելի ապահով և հարմարավետ դարձնելու համար։ Երկրները, որտեղ կենդանիների պաշտպանության խնդիրներն ուղղակի խոսքեր չեն, ապացուցում են, որ մարդիկ շարժվում են ճիշտ ուղղությամբ։

Ձեզ ենք ներկայացնում այն երկրները, որտեղ կենդանիների իրավունքներին մեծ ուշադրություն են դարձնում, իսկ տուգանքների և պատիժների համակարգն աշխատում է անխափան։

Նոր Զելանդիայում պաշտոնապես ընդունել են, որ կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն

2016 թվականին խաղաղօվկիանոսյան այս կղզում պաշտոնապես ընդունեցին, որ կենդանիները նույնպես բանական էակներ են և ունեն զգացմունքներ։ Երկրում արգելված է կենդանիների ուսումնասիրությունը և նրանց վրա փորձեր կատարելը, իսկ որսը համարվում է անօրինական։

Թուրինում շանը օրական երեք անգամից քիչ դուրս հանելու համար տուգանք է նախատեսված

Իտալիայում կենդանիների հանդեպ դաժան վարվելու համար նախատեսված է կալանք` 3 ամսից մինչև 1 տարի տևողությամբ, կամ 3 հազարից մինչև 15 հազար եվրո տուգանք։ Եթե վատ վերաբերմունքի պատճառով կենդանին մահանում է, ապա կալանքը կարող է ավելանալ մինչև 2 տարի, իսկ առավելագույն տուգանքը կարող է դառնալ 30 հազար եվրո։

Ապենինյան թերակղզու բնակիչները շատ ուշադիր են իրենց կենդանիների հանդեպ, այդ պատճառով իշխանություններն անընդհատ խստացնում են կենդանիների իրավունքները պաշտպանող օրենսդրությունը։ Օրինակ՝ Թուրինում շներին օրական երեք անգամից քիչ դուրս հանելու դեպքում նախատեսված է 500 եվրո տուգանք։

Գերմանիայում շների սպանության համար նախատեսված է 25 հազար եվրո տուգանք

Գերմանիան աշխարհում առաջին երկիրն է, որն իր Սահմանադրությամբ պարտավորվում է պաշտպանել կենդանիներին։ Բացի գրված ճշմարտություններից՝ այնտեղ կան նաև կարևոր կետեր, որոնք հուսով ենք՝ կիրականանան։ Օրինակ՝ շների շատ տեսակների պոչերը և ականջները չեն կարճեցնում, իսկ շների սպանության համար էլ նախատեսված է 25 հազար եվրո տուգանք։

Նիդեռլանդներում չկան անտուն կենդանիներ

Այս երկիրն առաջինն է, որտեղ անտուն կենդանիներ չկան։ Սրա պատճառը տնային կենդանիների համար նախատեսված բարձր հարկերն են, որի պատճառով մարդիկ կենդանի պահելուն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում։ Կենդանասերը հարկ է վճարում շան կամ կատվի համար, իսկ եթե որոշում է դուրս անել կենդանուն, ապա նրան տուգանում են։