Չինաստանը հետ է կանգնել առևտրական գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված գրեթե բոլոր համաձայնություններից. Reuters


21:00 , 8 մայիս, 2019

Վաշինգտոնը մայիսի 6-ին կապի դիվանագիտական ուղիով Պեկինից ստացել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական համաձայնագրի 150-էջանոց նախագիծը, որի համաձայն Չինաստանի կառավարությունը հրաժարվում է պետությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված գործնականում բոլոր համաձայնություններից: Մայիսի 8-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք աղբյուր ԱՄՆ-ի պետական կառավարման համակարգում։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրական համաձայնագրի նախագծի 7 գլուխներից յուրաքանչյուրը բաղկացած է Չինաստանի՝ գործնականում լիակատար հրաժարումից այն հիմնական պահանջներից, որոնք Միացյալ Նահանգներն առաջադրել էր գործարքի կնքման համար:

Գործակալության աղբյուրները պնդում են, որ ՉԺՀ-ն համաձայնագրի նախագծի շրջանակներում հրաժարվում է այն խնդիրների լուծման համար օրենսդրությունը փոխելու իր հանձնառությունից, որոնց պատճառով Միացյալ Նահանգներն առևտրական պատերազմի մեջ էր մտել ասիական պետության դեմ: «Դա խարխլում է (առետրական) համաձայնագրի հիմքը»,- գործակալությանը հայտարարել է ամերիկյան կառավարական աղբյուրը։