Արտակարգ դեպք Երևանում. 49-ամյա քաղաքացին կոտրել է կառավարության 1-ին մասնաշենքի ընդունարանի գույքը


14:40 , 8 մայիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ՀՀ կառավարության առաջին մասնաշենքի մոտից գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 49-ամյա Գրիգոր Մելքոնյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ժամը 12։00-ի սահմաններում ձեռքով հարվածելու և կառավարության 1-ին մասնաշենքի ընդունարանի դյուրակիր համակարգիչը և ընդունարանի նոութբուքը վնասելու մեջ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: