ՀՀ-ի կոռումպացվածները կամ 1915թ.-ի թուրք ձիավորները


10:00 , 21 հունիս, 2013

Պարադոքս է, բայց փաստ`գողը, սրիկան, որը պետք է պատժվի չի արտագաղթում: Հաղթեցինք արտաքին թշնամուն, որ անհամեմատ զորեղ էր, բայց պարտվում ենք ներքին «ճղճիմ» թշնամուն: Սա համարում եք նորմա՞լ երևույթ: Այսինքն` ստացվում է, որ մեր «դուխը» չի հերիքում մի քանի հարյուր ստորի հախից գալ, այսինքն՝ ստացվում է, որ մենք անզոր ենք կոռուպցիոներների դեմ հաղթանակ տանել: Լավ, հաղթանակ էլ չէ, գոնե կարո՞ղ ենք այնպես անել, որ քչանա այդ տականքների թիվը, թե՞ չենք կարող: Փաստորեն, այս մի փոքր զանգվածը դեպի տնտեսական անդունդ է տանում մի ամբողջ երկրի էկոնոմիկան: Այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞վ են տարբերվում այս տականքները այն թուրք ձիավորներից, որոնք ձիերի վրա նստած քշում էին հարյուր հազարավոր հայերի դեպի Դեր Զորի անապատները: Ժամանակն է եկել, որպեսզի մենք գիտակցենք, որ այսօրվա բյուջեն թալանողները ոչ մի բանով չեն տարբերվում արտաքին թշնամուց: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ այսօրվա գողերի և սրիկաների պատճառով, որոնք անխնա թալանում են բյուջեն, թոշակառուները ստանում են լումաներ, հաշմանդամները ստանում են լումաներ (երրորդ կարգի հաշմանդամը ստանում է ամսական 13000 դր.): Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ այսպիսի թոշակներով մարդիկ չեն կարողանում ոչ միայն նորմալ սնվել, այլ նաև ամենաանհրաժեշտ դեղերը ձեռք բերել: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ հազարավոր մարդիկ կյանքից հեռանում են, որովհետև վիրահատվելու գումար չունեն: Չունեն, քանի որ այդ գումարները հայտնվել են մի խումբ սրիկաների ձեռքում: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ արտագաղթի հիմնական պատճառը այդ սրիկաներն են, որոնց անպատիժ մնալու հանգամանքը հուսախաբ է անում մեր քաղաքացիներին: