Մարդիկ կիսվել են կլինիկական մահվան ընթացքում ունեցած զգացողություններով


21:15 , 7 մայիս, 2019

Reddit-ի օգտատերերը կիսվել են կլինիկական մահվան ժամանակ իրենց ունեցած տպավորություններով: Նրանք պատմել են, որ եղել են սահմանային վիճակում: Քննարկումը Reddit-ում մեծ տարածում է գտել՝ հավաքելով 10 հազար դրական արձագանք:

Մի քանիսն իրենց հետ տեղի ունեցածը նկարագրել են որպես խորը քուն ծանր օրվանից հետո: «Ընդհանրապես ոչինչ չկար: Ո՛չ լույս, ո՛չ հիշողություն, ոչինչ: Ես կարծես մեկ ժամ կամ ավելի գոյություն չէի ունեցել: Ժամանակի զգացողություն չկար, այդ պատճառով ամեն ինչ վայրկյաններ թվաց»,- գրել է Bass_Thumper օգտատերը: Սակայն ավելի շատ են նրանք, ովքեր հիշում են իրենց համակած բացարձակ հանգստության մասին: «Ես կարծես մի պահ լքեցի իրականության վարագույրը եւ հստակ հասկացա, որ ամեն դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- ավտովթարից հետո իր ունեցած զգացողություններով է կիսվել Veganconnor օգտատերը:

Duhbla օգտատերը պատմել է, որ լողավազանն ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը եւ այդ ժամանակ տեսել է «հիշողությունների ապուր»: «Ես կարծես լողայի աստղերով լի տիեզերքում: Երբ փորձեցի մոտ լողալ նրանցից մեկին, տեսա, որ դրանք իմ հիշողության մասնիկներն էին՝ ձայներ, հոտեր, դեմքեր, վայրեր: Ավելի շատ էին ծնողներիս եւ կրտսեր եղբայրներիս դեմքերով հիշողությունների մասնիկները»,- խոստովանել է օգտատերը:

Canonboy621 օգտատերը պատմել է, որ երբ նրա հոր սիրտը դադարել է բաբախելուց, հայրը տեսել է, թե ինչպես է հատապտուղներ հավաքում քրոջ եւ վաղուց մահացած մոր հետ: Նրա խոսքերով՝ այդ գիշեր նույն երազն է տեսել նաեւ հորաքույրը:

Մի քանի օգտատերեր էլ պատմել են ոչ թե տեսիլքների, այլ մարմնից անջատվելու զգացողության մասին: Winkythebichonfrise օգտատերը գրել է, որ հետեւել է սեփական վիրահատությանը, իսկ WeedleBeest-ը խոստովանել է, որ հետեւել է, թե ինչպես են իրեն հանում լողավազանից: