09:12 , 21 հունիս, 2013«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս քննարկել են նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ անելու հարցը։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ըստ նույն աղբյուրների՝ գրասենյակներում նշանակվելու են հիմնականում պաշտոնյաների հարազատները, այդ թվում եւ վարչապետի բարեկամները։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հարազատների անունները եւս նշվում են, որոնք պետք է նոտարական գրասենյակներում պաշտոն ստանան։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց Հրայր Թովմասյանից պարզել տեղեկության իսկությունը։ Հարցին, թե վերջերս վարչապետի հետ քննարկել է նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ կատարելու հարցը՝ հստակ անվանումներով, նախարարը շատ «կոռեկտ» պատասխանեց. «Ձեր գործը չէ, թե ես վարչապետի հետ ինչ եմ քննարկել, եւ դա բացարձակ իմ լիազորությունն է»։ Այս խոսքերից հետո ՀՀ «ամենաքաղաքակիրթ» նախարարն արագ քայլերով հեռացավ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):