«Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
15:02 , 6 մայիս, 2019
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։
Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ի կյանքը։