«Իմ և հորս մասնակցությամբ ծեծկռտուք չի եղել, գործնական խոսակցություն էր, որն անցել է մի փոքր լարված մթնոլորտում». Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանում է


11:55 , 6 մայիս, 2019

Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի վերաբերյալ, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար։ Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։

Միանգամից ասեմ՝ ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և, իհարկե, Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց՝ ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին՝ ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը, և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ 
Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ՝ իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշել։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում՝ ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...