Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը». լրատվամիջոցներ


10:30 , 6 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

Ինչ է իրականում տեղի ունեցել Superjet-ի հետ՝ դեռևս հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հրդեհված SSJ-100 ինքնաթիռի օդաչու Դենիս Եվդոկիմովը պատմել է 41 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի մանրամասները: Օդաչուի խոսքով՝ ինքնաթիռին իսկապես կայծակ է հարվածել:

«Վառ լուսարձակում, ճայթյուն: Դրա հետևանքով ինքնաթիռը կորցրել է ռադիոկապն ու անցում կատարել ուղիղ կառավարման ռեժիմին: Վայրէջքի ժամանակ արագությունը մեծ չէր, սովորական էր»,-պատմել է Եվդոկիմովը: Օդաչուն հավելել է, որ հրդեհը սկսվել է վայրէջքից հետո:

Ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ