«Երկաթե տիկին». ո՞վ է այս մականունով կնքել Մարգարեթ Թետչերին


06:10 , 6 մայիս, 2019

Քառասուն տարի առաջ Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության ղեկը կնոջ ձեռքն անցավ։ Նպարավաճառի դուստրը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ: «Թետչերական» ժառանգությունը տարբեր կերպ է գնահատվում: Սակայն նրա անձնական իրերի գները միշտ աճում են: Christie աճուրդի տունը պատրաստվում է կրկին վաճառք հայտարարել:

«Երկաթե տիկին» մականունը, որով Թետչերն այնքան հպարտանում էր ոչ թե բրիտանական, այլ խորհրդային մամուլը՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթն է կնքել: Նա պատկառանք էր ներշնչում երկու բառով կամ, ավելի շուտ, դրանց անհամատեղելիությամբ: Նա ուզում էր, որ գնահատեն իր կոշտությունն ու կանացիությունը։ Պատահական չէ, որ նա հատուկ ընդգծում էր կանացիությունը։ Գրեթե երբեք տաբատ չէր հագնում և միշտ նախաճաշ, եթե հաջողեցներ, նաև ընթրիք էր պատրաստում ամուսնու՝ Դենիսի համար։

Երկաթե տիկնոջից մնացել է թանկարժեք մետաղների իր սպառազենը՝ թևնոցները, կրծքազարդը, ապարանջանները: Դրանք Լոնդոնի Christie աճուրդի տունը երրորդ անգամ են վաճառքի հանվում։ Դրանց թվում է նաև նրա հայտնի պայուսակը, որի մեջ պահում էր Անգլիայի ընթացքը փոխած թղթերն ու նշումները։

Երբ Թետչերը պայուսակը սեղանին էր դնում, թվում էր՝ «Մաուզեր» է հանել։

Բարոնուհի Թետչերը մահացել է 2013 թ. ապրիլին Լոնդոնում, վարչապետի պաշտոնը լքելուց 23 տարի անց։ Այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ շատ բրիտանացիներ չեն ներել նրան: «Երկաթե տիկնոջը» դեռ մեղադրում են երկրում սոցիալական պառակտման և «երկու Բրիտանիա»՝ աղքատ հյուսիս և հարուստ հարավ ստեղծելու մեջ: Ոմանք երազում են գնել նրա իրերն ու այրել: Մյուսները պատրաստ են սակարկելով գնել նրա իրերը, որ ինչ-որ չափով հաղորդակից դառնան նրա ուժին։ Մետաղը դաստակին։ Մետաղը ձայնի մեջ: