Այսօր գրող, մանկավարժ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ հիշատակի օրն է


18:06 , 20 հունիս, 2013

 Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ: 

Ծնվ. 04.04.1840թ., գ. Բոլնիս Խաչեն (այժմ` գ. Բոլնիս` Վրաստանի Բոլնիսի շրջանում): 
Մահ. 20.06.1911թ., Թիֆլիս, թաղված է Խոջիվանքի պանթեոնում: 

Մ.Ղ. Աղայանի հայրը: 

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1853), այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: 

Ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ: 

Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ: 

1859-62-ին գրաշար է աշխատել Թիֆլիսում, 
1862-67-ին` Մոսկվայում և Ս. Պետերբուրգում: 
1870-82-ին ուսուցչություն է արել Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի ու Շուշիի դպրոցներում: 
Խմբագրել է «Արարատ» ամսագիրը (1869-70), 
գործուն մասնակցություն ունեցել «Աղբյուր» մանկական ամսագրի հիմնադրմանը (1883):
1880-ական թթ.` Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ: 

1895-ին ձերբակալվել է Է. Բելլամիի «100 տարուց հետո» վեպի թարգմանության համար և աքսորվել Նոր Նախիջևան, ապա` Ղրիմ (1898-1900): 
Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմեայի հսկողության տակ: 

Աղայանի «ժամանակակից ատենախոսութիւն» (1898) հրապարակախոսական երկում հստակորեն արտահայտվել է նրա սոցիալական ու բարոյական հավատամքը, որը մի կողմից հենվում էր Մ. Նալբանդյանի հայացքների, մյուս կողմից` ուտոպիստ սոցիալիստների ուսմունքի վրա: 
«Արութիւն և Մանուել» (1867) և «Երկու քոյր» (1872) վեպերին հաջորդել են «Աէրը արտաքսուած» (1889), «Բաժանութիւն» (1881) պատմվածքները, «Թեմական տեսով» (1881) անավարտ գործը, «Քեորօղլի» վիպերգի դրվագների մշակումները (1887, 1893, 1898), «Իմ կեանքի գլխաւոր դէպքերը» (1894) հուշագրությունը: 

Աղայանը արտացոլել է XIX դ. 50-80-ական թթ. հայ հասարակական կյանքի համակողմանի պատկերը, գյուղի սոցիալական շերտավորումը: 

Գրել է ազգային լուսավորչական, քաղաքական ու սոցիալական, պատմական բովանդակությամբ բազմաթիվ չափածո երկեր` «Ճախարակ» (1882), «Ձմեռ» (1884), «Տորք Անգեղ» (1888): 

Արժեքավոր են Աղայանի մանկական բանաստեղծությունները, հեքիաթները («Սրինգ հովուական», 1882, «Բանաստեղծութիւներ», 1890): 

Իբրև մանկավարժ` Աղայանը շարունակել է Խ. Աբովյանի լուսավոր. հայացքները: 

Մշակել է ուրույն կրթադաստիարակչական համակարգ («Խորհրդածութիւններ դաստիարակութեան վրայ», 1869, «Ուսումն մայրենի լեզուի»,1875, դասագրքի պրակները): 

Աղայանի ժառանգության զգալի մասն են կազմում լեզվ. և լեզվամեթոդ. հարցերին նվիրված հոդվածները, որոնք նպաստել են գրական աշխարհաբարի զարգացմանը: 
Աղայանի թարգմանել է Շեքսպիրի, Շիլլերի, Հայնեի և այլոց ստեղծագործություններից: 

Աղայանի անունով են կոչվել դպրոց և փողոց Երևանում, ՀՀ այլ բնակավայրերում, Բոլնիսում, կիսանդրին կանգնեցված է Երևանի համանուն դպրոցի և Բոլնիսի տուն-թանգարանի բակերում: 

Գրակ. 
Ասատրյան Ա., Ղազարոս Ադայան. կյանքն ու գործունեությունը, Ե., 1940: 
Աստվածատրյան Վ., Ադայանը մանկավարժ, Ե., 1947: 
Ավթանդիլյան Ա., Ղազարոս Աղայանի աշխարհայացքը, Ե., 1983: 
Ղազարոս Աղայան (1840-1911) (Մատենագիտություն), Ե., 1972: