«Օրերս Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ վարչապետներից միայն Դմիտրի Մեդվեդևն արժանացավ Նիկոլ Փաշինյանի առանձնահատուկ ընդունելությանը: Հայաստանի վարչապետը թերևս ցանկանում էր ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ամրապնդված նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մտերիմ հարաբերություններով:
Իհարկե, Փաշինյանի այս մտադրությունն ակնհայտորեն «փչացրեց» սոցիալական ցանցերում ակտիվ տարածում գտած տեսագրությունը, որի հիմնական դրվագը Փաշինյանի խոսքն ու Մեդվեդևի ծիծաղն էին: Սակայն ավելի ուշագրավ է, որ Փաշինյանին ավելի շատ վնասեցին նրա «դուխով» թիմակիցները, որոնք վարչապետից առաջ ընկնելով՝ Ռուսաստանի վարչապետին մեղադրեցին անտակտության մեջ: Ընդհանրապես այս անիմաստ թեմայի շուրջ բոլոր կողմերի անիմաստ արձագանքները ի ցույց են դնում դիսկուրսիոն հարթակի մակերեսայնությունն ու խորքային խնդիրների անտեսումը:
ԵԱՏՄ վարչապետների հավաքն ու Փաշինյան-Մեդվեդև «տնավարի» զրույցն ամենևին էլ չեն վկայում հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին: Այս կարևոր հարցում ևս իշխանությունը փորձում է էպատաժային քարոզչությամբ քողարկել տխուր իրականությունը: Սակայն քարոզչությունը հասարակության վրա կարող է կարճաժամկետ ազդեցություն ներգործել, իսկ չոր փաստերն ավելի խոսուն են՝ հատկապես ինֆորմացիայի ազատության այսօրվա ժամանակներում, երբ քաղաքացին հնարավորություն ունի տեղեկացված լինել բազմաթիվ աղբյուրներից:
2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ունի արտահանման և ներկրման նվազում: 2018-ի սկզբին ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 29 տոկոս, այս տարի արդեն կազմում է 11 տոկոս: Վիճակագրական «հեղափոխության» սիրահար մեր վարչապետը ֆեյսբուքյան լայվերում ու գրառումներում, բնականաբար, շրջանցում է այս թվերը՝ չնայած դրանք ոչ մի տեղ չեն կորչում:
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կրճատման հիմքում միայն տնտեսական գործոնները չեն: Չնայած՝ եթե անգամ այդ բաղադրիչը լիներ առաջնային, ապա դա փաստորեն անուղղակիորեն կարձանագրեր, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տնտեսական աճ գոյություն չունի: Սակայն անդրադառնանք ավելի կարևոր մի խնդրի:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը տարբեր պետությունների հետ իր հարաբերությունների հիմքում դնում է աշխարհաքաղաքական գործոնը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ տնտեսությունը դրանից տուժում է: Արդ, եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվում է, ապա Մոսկվայում ակնհայտ անվստահություն կա Հայաստանի իշխանության հանդեպ: Այս հիմնական խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն առայժմ չի կարողանում լուծել, եթե անգամ «թանկագին հյուրերը» հյուընկալվում են վարչապետի տանը: Ի վերջո, շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կանխատեսելի դառնա, ինչը կնպաստի ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների բնականոնությանը, այլ նաև Երևանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորի Վաշինգտոնում ու Բրյուսելում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: