Պաշոլ վո՛ն. կառավարության ներկայացուցիչը` խաբված բնակչին


16:23 , 20 հունիս, 2013

Այսօր առավոտյան տհաճ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարության առջև:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել ԱԺ ԲՀԿ նախկին  պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող«Տոնուս» ընկերության կողմից խաբված մարդիկ: Նրանցից մի քանիսը խնդրին լուծում տալու համար կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ գնացել էին ֆինանսների նախարարություն, որտեղ նրանց ընդունել էր նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը:  Մոտ մեկ ժամ տևած բանակցությունից հետո Ղազարյանը բնակիչների հետ վերադարձավ` բերելով մի քանի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին մի քանի բնակիչների կողմից պաշտոնապես բնակարաններ ստանալուն:

 - Եվ ի՞նչ որոշվեց, ի՞նչ դուրս եկավ սրանից: Էստեղ ոչինչ չի երևում... Ո՞ւր ա. համար մեկ էջ, համար երկու էջ ...,- դրսում սպասող բնակիչներից մեկը չէր հասցրել ավարտել միտքը, երբ Ալեքսանդր Ղազարյանը վերցրեց փաստաթուղթը և բարկացած այն պատռեց:

 -Ես պարտավոր չեմ որևէ փաստաթուղթ ներկայացնեմ: Պաշոլ վո՛ն, հերի՛ք եղավ, բոլ եղավ,-նյարդայնացած հայտարարեց նա և հավելեց,- դառել ա` ցինիկություն ա անում, իրան գիտունիկի տեղ ա դրել,  երկու գիտունիկ իրար վերցրեք ըստեղից գնացե՛ք մի հատ:

 Մանրամասները` տեսանյութում: